08/11/2022 19:52
Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ աշխարհի վերաձևումներից հետո, հավանական է, ազդեցիկ երկրների շահերից բխի, որ Հայաստանը ձգտի ռևանշի և բալանսավորի տարածաշրջանը․ Զաքարյան
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից այսօր հնչեցված հերթական սպառնալից հայտարարություններին ու վերլուծել դրանց տողատակերը։
«Օկուպացված հայկական Շուշիում Իլհամ Ալիևն այսօր կրկին հոխորտացել է: Օգտվելով Հայաստանի կապիտուլյացված իշխանությունների թուլակամությունից, մորթապաշտությունից, դավադիր կեցվածքից ու քաղաքական տգիտությունից՝ Ալիևը համարում է, որ իր «հաղթանակը» պետք է շարունակի ամրապնդել: 44-օրյա պատերազմից երկու տարի անց նրա կեցվածքն այնքան հանդուգն ու անբարտավան է դարձել, որ ՀՀ քաղաքների և տարածքների աղավաղված անունները նշելով՝ սպառնում է նոր խնդիրներ ստեղծել:
Քանի որ պաշտոնական Երևանը չի խոսում Արցախի օկուպացված տարածքներից, եվրոպաներում քննարկում է Արցախից ձեռք քաշելու օրակարգեր, իսկ Հայաստանում տեղեկատվական և իրավական ճնշումների է ենթարկում ազգային ուժերին, բնականաբար, Ալիևը ոչ միայն օկուպացնելու է Հայաստանի ինքնիշխան տարածքները, այլև նոր սպառնալիքներ է հչեցնելու Հայաստանի մյուս սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ:
Ադրբեջանը չի թաքցնում այն հանգամանքը, որ Հայաստանի հետ երբեք գործնական խաղաղության չի գալու: Ընդհակառակը՝ հստակ ասում է, որ Հայաստանը միշտ պետք է ենթարկվի Ադրբեջանի քաղաքական կամքին, կատարի նրա պահանջները և որևէ գործողություն, որը դուր չգա Ադրբեջանին՝ հակազդեցության է ենթարկվելու:
Զավեշտալին այն է, որ Ալիևը խառնվում է նաև Հայաստանի ներքին գործերին՝ հաթաթա տալով ընդդիմությանը և մտավախություն հայտնելով, որ Հայաստանում գլուխ են բարձրացնում «ռևանշիստական ուժեր», որոնք չեն հաշտվում պատերազմի արդյունքների հետ:
Այսինքն՝ նիկոլենք հաշտվել են, Նիկոլի ընտրողները հաշտվել են, իսկ Նիկոլի իշխանության դեմ հանդես եկողները, ովքեր գտնում են, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և չի կարող ՀՀ տարածքում որևէ անվեարահսկելի ճանապարհ լինել՝ ռևանշիստներ են:
Ես ուրախ եմ, որ Ադրբեջանում տեսնում են, որ Հայաստանում ռևանշիստական տրամադրություններ կան: Պատերազմում պարտված պետություններում եթե ռևանշի ձգտող (այսինքն՝ վերականգնող, պետության դիրքերն ամրապնդող, հաղթանակի տանող, պարտությունը փոխող, անվտանգությունն ամրապնդող) ուժեր չլինեն՝ չի լինի նաև այդ պետությունը: Ադրբեջանում նաև շատ լավ հասկանում են, որ աշխարհի նոր վերաձևումներից հետո, հավանական է, որ ազդեցիկ երկրների շահերից բխի, որպեսզի Հայաստանը ձգտի՛ ռևանշի ու բալանսավորի տարածաշրջանը: Հետևաբար՝ Ալիևի մտավախությունը հիմքեր ունի: Նիկոլը կկորցնի իր պրոադրբեջանական իշխանությունը, իսկ Հայաստանը կշահի իր տարածքների նկատմամբ սողացող ագրեսիային դիմակայելու և Արցախի դեմ շարունակվող ոտնձգություններին հակադարձելու իրական հնարավորություններ:
Պատահական չէ նաև, որ Ադրբեջանի նախագահն այսօր նեղացած տոնով էր խոսում Հայաստանի հետ լավ հարաբերություններ ունեցող մուսուլմանական երկրների մասին՝ անվանելով նրանց «դավաճան» ու «երկերսանի»:
Ալիևի այսօրվա ելույթը վկայում է Ադրբեջանի ապագա վախերի մասին: Սպառնալից տոնով, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը կրկին պահանջելուց երևաց նաև, որ խոստումները չկատարելու մեջ (ըստ Ի.Ա.) Նիկոլին մեղադրելով՝ տողատակերում ավելի շատ մեղադրում էր Ռուսաստանին ու Իրանին, քան հայկական կապիտուլյանտներին:
Մենք պետք է մաքսիմալ շրջահայաց լինենք, դիմանանք, դիմադրենք, ու երբեք չհուսահատվենք»,- սոցցանցի իր էջում գրել է Արտակ Զաքարյանը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17