08/11/2022 17:30
«Իր կինոն իր ճակատագիրը դարձավ». «Թևանիկ» ֆիլմի դերակատարը՝ Հովհաննես Խոդերյանը, զոհվեց 44-օրյա պատերազմում
2020 թվականի պատերազում զոհվեց Արցախյան առաջին պատերազմի մասին պատմող «Թևանիկ» ֆիլմի գլխավոր դերակատարներից Հովհաննես Խոդերյանը։ Ֆիլմի ռեժիսորը՝ Ջիվան Ավետիսյանն ասում է՝ պատերազմից հետո պարտավորված է ավելի հաճախ կազմակերպել ֆիլմի ցուցադրությունը, բայց այլևս չի կարողանում ֆիլմը մինչև վերջ նայել։ «Թևանիկ» ֆիլմն ավարտվում է անհասցե կրակոցով. դիտողն ինքն է որոշում դիպուկահարը խոցեց Թևանիկին, թե Թևանիկը՝ թշնամու կին դիպուկահարին։
Հարցին, թե պատերազմից հետո կփոխեիք ֆիլմի վերջաբանը, Ջիվան Ավետիսյանը վճռական պատասխանում է՝ ֆիլմի սցենարի փոփոխությունը ոչինչ չէր տա, բայց իրական կյանքում պարտավոր ենք շարունակել պայքարը, գտնել Հովհաննեսին խոցող դիպուկահարին, բացահայտել «որջը»։
Հովհաննեսի մայրը, որ գուցե ինչ-որ նախախնամությամբ Հայաստան անունն ունի, ասում է՝ ֆիլմը որդուս ճակատագիրը դարձավ։ «Տղաս մեկնաբանում էր, որ ֆիլմում ոչ թե ինքն է խոցել, այլ դիպուկահարն է իրեն խոցել, գուցե զգացում ուներ, գուցե գիտեր»։
Հովհաննես Խոդերյանը կամավորագրվել է, մայրն ասում է՝ քանի անգամ ներկայացել է, իրեն չէին կանչում, ասում էր՝ ոնց չգնամ, հո մենք դավաճան չենք, հորս գերեզմանը Շուշիում է, մանկությունս Շուշիում է անցել, ասել են սպասիր, կկանչենք, չի սպասել։
«Նախ միջնեկ տղաս գնաց, ապա Հովհաննեսը միացավ»։ Վերջին անգամ մոր հետ խոսելիս խոստացել է՝ հերոս որդիներդ անպայման վերադառնալու են։ Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Հովհաննեսի երկրային կյանքի վերջին օրն էր. զոհվել է Հադրութում։
«Գալիս եմ տուն, միացնում եմ հեռուստացույցը, ասում են՝ հաղթում ենք, հետո միացնում եմ համացանցը, Ջիվան Ավետիսյանը գրում է՝ զոհվել է Թևանիկի դերակատարը՝ Հովհաննես...»։
Հովհաննես Խոդերյանի մարմինը գտնում են երեք ամիս հետո միայն։ Տիկին Հայաստանը թեև Արցախում է ապրում, բայց շատ հաճախ է Երևան գալիս, ասում է՝ կարոտում եմ որդուս, գալիս եմ Եռաբլուր, ժամերով նստում շիրմաքարի կողքին։
Որդու կարոտը գոնե մի փոքր մեղմելու համար մայրն անդադար ֆիլմի այն հատվածներն է միացնում, որտեղ Հովհաննեսն է, ձայնն է լսում, արձագանքում որդու խոսքերին։
Ֆիլմի ռեժիսորը Հովհաննեսին առաջին անգամ պատահաբար հանդիպել է Շուշիում առաջին ֆիլմի նկարահանումներին։ «Ամիսներ հետո Առնոլդ Աղաբաբովի կինոնովելը կարդալուց հետո միանգամից միտքս եկավ էն պատանին, որին պատահաբար հանդիպել էի Շուշիում, որոշեցի, որ հենց ինքն էլ մարմնավորելու է Թևանիկին», - պատմում է Ջիվան Ավետիսյանը։
Թեև Հովհաննեսը խանդավառությամբ է մասնակցել նկարահանումներին, բայց ռեժիսորը հիշում է՝ եղել է օր, որ Հովհաննեսը լքել է նկարահանման հրապարակը՝ մեկնաբանելով, թե դերասանի աշխատանքը եկամտաբեր չէ։ Գտանք Հովհաննեսին, համոզեցինք, վերադարձավ, բայց մեկ է ասում էր՝ դա գործ չի, որ անում եք։
Ծառայությունից հետո Հովհաննեսը տեղափոխվել է Երևան, աշխատում էր, կյանքի մեծագույն նպատակներից էր մոր համար բարեկեցիկ կյանք ապահովելը, նաև երազում էր ընտանիք ստեղծելու մասին։ 2020 թվականի նոյեմբերին Հովհաննես Խոդերյանն ամուսնանալու էր։