Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Ղազինյանը տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ գրառում է կատարել․
«44-օրյա պատերազմի ընթացքում Իրանի կեցվածքը տարակուսանք էր առաջացնում տարածաշրջանի հարցերում մասնագիտացած փորձագետների մոտ. Իրանը ոչ մի դեպքում չէր կարող հանգիստ հետևել, թե ինչպես է իր քթի տակ ուժեղանում իր գոյաբանական հակառակորդը:
Իսկ այն, որ Ադրբեջանը Իրանի համար գոյաբանական սպառնալիք է, հայտնի է դեռևս անցած դարի 20-ական թվականներից, երբ բոլշևիկները՝ քեմալիստների հորդորով, հայկական հողերի վրա հիմնադրում էին «Ադրբեջան» պետությունը: Քանի դեռ այդ պետությունը գտնվում էր ԽՍՀՄ կազմի մեջ, այն որևէ վտանգ չէր ներկայացնում Իրանի համար, իսկ անկախացումից հետո հայերի կողմից ծնկի բերված Ադրբեջանը չափազանց թույլ էր Իրանի համար խնդիրներ ստեղծելու համար:
Իրավիճակը գլխիվայր շուռ եկավ 44-օրյա դավադիր պատերազմից հետո, երբ տարածաշրջանում թուրք-ադրբեջանական դաշինքը ստացավ գրեթե ամբողջական վերահսկողություն, իսկ Իրանի գոյաբանական թշնամի համարվող Իսրայելը ստացավ Իրանի դեմ ազատ գործելու լայն տարածություն:
Պատերազմում հայերի դեմ «հաղթանակ» տարած Ադրբեջանը սկսեց մագնիսի պես իր կողմը ձգել Իրանի հյուսիսում բնակվող միլիոնավոր ազերիներին, ինչը դրսևորվեց Իրանի հյուսիսում արդեն մեկ ամիս չդադարող զանգածային ցույցերով ու անկարգություններով: Իրանի իշխանություններն այս ըմբոստության հեղինակ են համարում Իսրայելին և նրա դաշնակիցներ Ադրբեջանին և Թուրքիային, իսկ Շիրազում վերջին ահաբեկչության բացահայտումը վերջնականապես հաստատեց Ադրբեջանի մասնակցությունը Իրանի դեմ կազմակերպված մեծ դավադրության մեջ:
Հարավային Կովկասը կանգնած է մեծ պատերազմի նախաշեմին, որտեղ ուժերի նոր բալանս ձևավորելու համար պայքարելու են Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը, իսկ ԱՄՆ-ն ու Չինաստանը տարածաշրջանային գործընթացներում հանդես են գալու միջնորդավորված կերպով:
44-օրյա պատերազմը ամբողջությամբ փոխեց Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցությունը, ինչի հետևանքով թուլացավ կամ իսպառ չեզոքացվեց հայկական գործոնը: Առաջիկա տարիների զարգացումների առանցքում կլինի ուժերի նոր բալանսի ձևավորումը, որտեղ կամ կլինի ուժեղ և հավասարակշռող հայկական գործոն, կամ այն իսպառ կվերանա:
Հայաստանն ունի բոլոր շանսերը՝ դառնալ տարածաշրջանային գերտերություն, բայց դրա համար պետք է Հայաստանի և աշխարհահայության որոշումը, և այդ որոշումը կյանքի կոչելու հանձնառությունը:
Հետո ոչ մեկին չենք կարող մեղադրել . . .»։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: