08/11/2022 10:18
«Հրապարակ». «Համալսարան չավարտածի հետ ի՞նչ քննարկում համալսարանի մասին». Ավետիքյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառմանը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին՝ օպերային թատրոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին և ընդգծել, որ սա շատ կարևոր հոբելյան է: «․․․Մենք առանց որևէ չափազանցության պիտի արձանագրենք, որ մանկավարժի մասնագիտությունը և, հետևաբար, նաև մանկավարժական կրթությունը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն, որովհետև մանկավարժական կրթությունը, ի վերջո, կներեք կրկնաբանության համար, կրթություն է՝ կրթություն տալու մեթոդների, ձևերի և այսօր արդեն՝ տեխնոլոգիաների մասին»: Ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պատգամավորներ, դեսպաններ:
Մանկավարժականի գիտխորհրդի անդամ, «Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ստացել է միջոցառմանը մասնակցելու հրավեր, սակայն չի մասնակցել: Միայն երեկ մասնակցել է համալսարանում կազմակերպված միջոցառմանը, որտեղ ներկա չեն եղել իշխանությունները: «Մեկ շաբաթ առաջ տեղեկացրել էին, որ միջոցառում է լինելու, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը: 2 օր առաջ էլ տեղեկացրին, որ օպերայի շենք մտնելու համար հրավիրվածները պետք է ներկայանան անձնագրերով: Ես արդեն իսկ գլխի ընկա, թե ինչ է կատարվելու՝ մերժեցի հրավերը: Ի վերջո` համալսարան չավարտածի հետ ի՞նչ քննարկում համալսարանի մասին», - ասաց նա: Ուսանողները նրան պատմել են, որ մինչև մտնելը «երկար-բարակ իրենց պայուսակներն են զննել, ինչը եղել է շատ տհաճ»»։