08/11/2022 09:44
«Ժողովուրդ». Ինչպե՞ս ՄԻՊ-ի կողմից բացահայտվեց Փաշինյանի սուտը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաճախ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ասված ստերը բացահայտում են հենց իր թիմակիցները կամ անկախ պաշտոնյաները: Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ինչպես մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի կողմից բացահայտվեց Փաշինյանի սուտը: Մասնավորապես, խոսքը Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացիների իրական թվի մասին է:
Այսպես, 2021թ. օգոստոսի 26-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ պատերազմի հետևանքով 243 զինծառայողի գտնվելու վայրն անհայտ է, դրանից վեց ամիս անց՝ 2022թ փետրվարի 9-ին, Փաշինյանը կրկին ԱԺ-ում հրապարակեց նոր տվյալներ՝ նշելով, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ունի 217 անհետ կորած։
Իսկ, ահա, ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը, 2022 թվականի սեպտեմբերի 8-ին ներկայացնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ 2022թ. օգոստոսին ներկայացրած տվյալները, հայտնել է, որ 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թաքցնում է իրական տվյալները, իսկ անձամբ վարչապետը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին»։