08/11/2022 10:00
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը, պարզվում է, քրեական ենթամշակույթ հարողների հետ բավականին սերտ կապերի մեջ է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը, պարզվում է, քրեական ենթամշակույթ հարողների հետ բավականին սերտ կապերի մեջ է։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արվեստի ներկայացուցիչ պատգամավորը (նկարիչ է), մշակույթին զուգահեռ, նաև քրեական ենթամշակույթով է տարված ու թե՛ գործադիրում, թե՛ օրենսդիրում ուղիղ կապ է ստեղծում, ապահովում կապը քրեական աշխարհի ներկայացուցիչների և օրվա իշխանությունների միջև։
Մեզ հայտնի դարձավ, որ օրերս՝ Դանիելյանի հոր մահվան տարելիցի արարողությանը, ի թիվս մի շարք պաշտոնյաների ու տեղացի ուժայինների (Սյունիքի մարզպետն, ի դեպ, ներկա չի եղել), մասնակցելիս է եղել նաև Նորտուսցի Ալիկ անունով հայտնի Ալիկ Բանդուրյանը։ Տեղեկության ու քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ ունեցած կապի մասին մեկնաբանություն ստանալու համար նաև պատգամավորի հետ կապ հաստատեցինք։
Նա, ըստ երևույթին, չհերքեց մեր ունեցած տեղեկությունը՝ ասելով. «Շատ մարդ է եկել հորս մեկ տարվա արարողությանը։ Մնացածը չեմ մեկնաբանում»։ Արվեստագետ պատգամավորը, փաստորեն, ոչ միայն լավ է նկարում, այլ նաև քրեական հեղինակությունների հետ է «տալիս-առնում», գուցե, հարցեր փորձում լուծել։ Եվ դա այն դեպքում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, թե քրեական ենթամշակույթի դեմ է պայքարելու, իսկ Սյունիքում 2018-ից՝ իշխանափոխությունից հետո, մարզպետ էր նշանակում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին, որ մարզում «քրեական տարրերի ողնաշարը կորտրի»։
Իհարկե, վերջինս ոչ թե «կրիմինալի» դեմն առավ, այլ, սեփական դիմումի համաձայն, ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Փաշինյանի խոսքերը, փաստորեն, հատվածական են գործում, ու իշխանություններն այս հարցում ևս իրենց սրտի քրեական հեղինակություններն ունեն. մեկի նկատմամբ իրավական գործընթաց են սկսում, մյուսի հետ՝ գուցե նույն սեղանի շուրջը նստում»։