09/11/2022 11:59
«Մեր դիրքորոշումը երբևէ չի փոխվել և չի էլ փոխվելու». Աղաջանյանն արձագանքում է Ալիևի հայտարարություններին
Իլհամ Ալիևի վերջին ապակառուցողական հայտարարությունները պետք չէ կապել ո՛չ Վաշինգտոնի, ո՛չ Սոչիի բանակցությունների հետ, հակադարձելով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, «Ազատությանն» ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
«Ադրբեջանի նախագահն առանձնապես աչքի չի ընկել ամբողջ բանակցային գործընթացի համատեքստում, մասնավորապես, հետպատերազմյան ժամանակահատվածում առանձնապես աչքի չի ընկել կոնստրուկտիվիզմով: Դա կապել վաշինգտոնյան գործընթացի հետ, Սոչիի գործընթացի հետ կամ որևէ այլ գործընթացի հետ, կարծում եմ, իմաստ չունի», - նշեց Աղաջանյանը:
«Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի պարտավորությունն է, որը ստանձնել է», - Շուշիում հայտարարել էր Իլհամ Ալիևը։
Հայաստանը երբեք նման պարտավորություն չի ստանձնել, խոսքը ճանապարհների ապաշրջափակման մասին է, վերահաստատելով պաշտոնական Երևանի նախկինում հնչեցրած հայտարարությունները, թե միջանցքը կարմիր գիծ է Հայաստանի համար՝ ասաց Աղաջանյանը. - «Մեր դիրքորոշումը երբևէ չի փոխվել այդ հարցի վերաբերյալ և չի էլ փոխվելու»:
Ալիևը նաև զուգահեռներ էր անցկացրել Լաչինի միջանցքի ու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև, ասելով՝ «երկու տարի է մենք ձեռք չենք տալիս Լաչինի ճանապարհով Հայաստանից Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ երթևեկող մեքենաներին։ Մենք պարտավորություն ենք վերցրել և կատարում ենք այն։ Հայաստանը նույնպես պարտավորություն է ստանձնել, որպեսզի ճանապարհային կապ լինի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Անցել է երկու տարի, չկա տեխնիկա-տնտեսական հիմնավորում, գործողություն, երկաթգիծ, ճանապարհ։ Որքա՞ն պետք է սպասենք»։
Աղաջանյանը հակադարձում է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում միայն մեկ միջանցքի մասին է խոսվում և դա Լաչինի միջանցքն է. - «Լաչինի միջանցքը որևէ կերպ համեմատելի չի նրա հետ, ինչը իրենք կոչում են «Զանգեզուրի միջանցք»: Խոսքը գնում է տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին, մեր դիրքորոշումը որևէ կերպ էդ հարցի վերաբերյալ չի փոխվել և չի փոխվելու»:
Ելույթի մեծ հատված Ալիևը հատկացրել է նաև ադրբեջանական բանակի հնարավորությունները ներկայացնելուն, ըստ էության, սպառնալով Հայաստանին նոր հնարավոր պատերազմով։ Ավելին՝ Ադրբեջանի նախագահը պնդել է, որ Ադրբեջանին զսպում է ոչ թե Հայաստանի ինչ-որ հովանավորի հայտարարություն, այլ Բաքվի «սեփական քաղաքականությունը»:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն արձագանքում է՝ Ադրբեջանի սպառնալից հայտարարությունները չեն կարող ազդել կամ փոխել հայկական կողմի հնչեցրած դիրքորոշումները։