09/11/2022 20:27
Երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնի փակման գալա համերգին հանդես են եկել հայ և արտերկրի անվանի երաժիշտներ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնի փակման գալա համերգը: Մասնակցել են երգեհոնահարներ Արմեն Աղաջանյանը, Լուսինե Հարությունյանը, Լուսին Սառաջյանը, Աննա Բակունցը, Կոնստանտին Վոլոստնովը (Ռուսաստան), Հարություն Թագվորյանը և հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան): Հնչել են Գ. Ֆ. Հենդելի վեց երգեհոնային կոնցերտներ:
Փառատոնի շրջանակում կայացել է 12 համերգ. Երևանում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը և Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում, Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում և Կապանի արվեստի պետական քոլեջում: Փառատոնը մեկնարկել է Կոմիտասի 153-ամյակին նվիրված համերգով:
Փառատոնին մասնակցել են արտերկրի հայտնի երգեհոնահարներ Լադա Լաբզինան (Ռուսաստան), Ֆաբիո Մաչեռան (Իտալիա), Կոնստանտին Վոլոստնովը (Ռուսաստան), Ժան-Պիեռ Սթայվերսը (Նիդեռլանդներ) և Եվգենի Ավրամենկոն (Ռուսաստան): Նշենք, որ վերջին երկու երգեհոնահարները համերգներով հանդես են եկել նաև Չարենցավանում ու Կապանում:
Հայկական երգեհոնային դպրոցը ներկայացրել են Աննա Բակունցը, Կարինե Հովհաննիսյանը, Հարություն Թագվորյանը, Թերեզա Ոսկանյանը, Հովհաննես Մանուկյանը, Արմեն Աղաջանյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Լուսին Սառաջյանը, Լուսինե Հարությունյանը, Վահագն Մարգարյանը, Մարինա Նահապետյանը, Արփինե Հարությունյանը: Փառատոնին մասնակցել են նաև սոպրանո Էլվիրա Մարգարյանը, ֆլեյտահար Վադիմ Թալալյանը և հոգևոր երաժշտության «Սաղմոսերգու» արական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Վահե Բեգոյան):
Հնչել են ինչպես դասական ստեղծագործություններ, այնպես էլ հայկական երաժշտական գոհարների երգեհոնային մշակումներ և հայ հեղինակների ստեղծագործություններ: Կայացել են ծրագրային, այդ թվում՝ Կոմիտասին և Միքայել Թարիվերդիևին նվիրված համերգներ:
Հայաստանում երգեհոնային արվեստի պահպանման և տարածման, ինչպես նաև երկար տարիների գործունեության և երգեհոնային արվեստի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով է պարգևատրվել «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի երգեհոնահար, կլավեսինահար Թերեզա Ոսկանյանը: