09/11/2022 15:47
Ժամանակն է ազատվելու պարտվողի պիտակից՝ դառնալով միասնական և պահանջատեր. Հոգեբան Աննա Մկրտչյանը՝ պատերազմի հետևանքների մասին
2020-ի պատերազմը բացի ֆիզիկական կորուստներից, մեծ ազդեցություն ունեցավ նաև հոգեբանական տեսանկյունից։ Պատերազմին մասնակցածների, նրանց ընտանիքների և հարազատների, ողջ հայության համար ստեղծված հոգեբանական ծանր դրությունից ելք գտնելն այս տարիների ընթացքում մասնագետների մտահոգության հիմնական առարկան է դարձել։
Թե ինչ ազդեցություն ունեցավ պատերազմը, ինչ հետևանքներ թողեց պարտվողի պիտակը և վարքագծային ինչ փոփոխություններ նկատվեցին հանրության շրջանում, Aysor.am-ին պատմեց հոգեբան Աննա Մկրտչյանը.
«Պատերազմն, ինքնին, տրավմա է յուրաքանչյուրի կյանքում, քանի որ առաջին հերթին վտանգվում է քո և սիրելիներիդ կյանքը, մի քանի րոպեում ի չիք են դառնում ապագայի հետ կապված բոլոր պլաններն ու երազանքները։ Այստեղ է ահա, որ պետք է փորձել կառավարել բանականությունն ու չմատնվել խուժապի։
Պատերազմն, անխոս, մեծ հետք թողեց բոլորիս կյանքում, բայց հիմա ճիշտ ժամանակն է հավաքել բոլոր ուժերն ու աշխատանքի, միասնականության շնորհիվ փորձել դուրս գալ ճահճից», - ասաց հոգեբանը։
Պատերազմից հետո առաջ եկող հետտրավմատիկ սթրեսային խանգարումները ևս ազդում են հանրության կյանքի բնականոն ընթացքի վրա, դրանք ներառում են շոկ, տագնապ, պատերազմական իրավիճակի հետ կապված կրկնվող մտքեր, տեսարաններ, մղձավանջներ, անընդհատ ուղեկցվող մեղքի զգացում, անօգնականություն, վշտի և սգի զգացում և այլն։
Հոգեբանի խոսքով, հաճախ այս ֆոնին մարդիկ հեռանում են միմյանցից, առաջանում է կապվածության խզում հարազատների և ընկերների միջև, դյուրագրգռություն և ապատիա։
Հարցին՝ արդյո՞ք ճիշտ է երեխաների հետ խոսել պատերազմի, երեխայի վրա ունեցած հետևանքների մասին, Աննա Մկրտչյանը պատասխանեց.
«Պատերազմի մասին խոսելը և՛ ընթացքում, և՛ ավարտից հետո պարտադիր է, այստեղ սակայն պետք է հաշվի առնել այն կարևոր հանգամանքը, թե ինչ և ինչպես խոսել։ Հաշվի առնելով երեխայի տարիքային առանձնահատկությունները, ծնողները պետք է անհատական մոտեցում ցուցաբերեն և, քայլ առ քայլ շոշոփելով խնդիրը, հասկանան՝ ինչն է անհանգստացնում երեխային և վարքային ինչ փոփոխություններ են նկատվում նրա մոտ»։
Աննա Մկրտչյանը խոսեց նաև այն կարևոր քայլերի մասին, որոնք իրականացվում են անհատների, մասնագետների և կազմակերպությունների կողմից՝ հոգեբանական աջակցություն տրամադրելու հասարակության տարբեր խմբերին, վիրավորներին, զոհվածների հարազատներին, երեխաներին, Հայաստան տեղափոխված արցախցիներին և բոլոր նրանց, ովքեր ունեն օգնության կարիք։
«Ուրախալի է, որ պատերազմից ի վեր հավաքվել է հոգեբանների մեծ բանակ և տարբեր աշխատանքներ է իրականացնում դրական տեղաշարժերի ուղղությամբ։ Նրանց և համապատասխան շատ այլ մասնագետների օգնությամբ ժամանակի ընթացքում հանրությունը կկարողանա իր վրայից հեռացնել պարտվողի պիտակն ու իրավիճակին հարմարվելու սինդրոմը՝ դառնալով միասնական և պահանջատեր», - ասաց հոգեբան Աննա Մկրտչյանը։