09/11/2022 11:21
Հենրիխ Մխիթարյանի առջև Ֆուտբոլի ֆեդերացիայի դռները միշտ բաց են. ցանկալի կլինի, որ նա վերադառնա. Արմեն Մելիքբեկյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դռները միշտ բաց են Հենրիխ Մխիթարյանի առջև, այս մասին «Vivaro Sport»-ի եթերում հայտարարել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
«Չեմ կարծում, թե խնդիրը կապված է Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Մենք հայտարարել ենք, և ես հիմա էլ եմ հայտարարում՝ Հենրիխ Մխիթարյանի առջև Ֆուտբոլի Ֆեդերացիայի դռները միշտ բաց են: Հենրիխ Մխիթարյանն այնքան պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, որ դա իր որոշումն է։ Վստահ եմ, որ դա իր որոշումն է, և նա որոշել է, որ այդ պահին պետք է կանգներ, բայց Հենրիխ Մխիթարյանը կարող է վերադառնալ: Ցանկալի կլինի, որ նա վերադառնա», - նշել է Մելիքբեկյանը։
Նա ասել է, թե Մխիթարյանի վերադարձի մասին դեռ կխոսեն. պետք է սպասել մինչև նոր մարզչի նշանակումը։
«Ֆեդերացիայի նախագահը չպետք է միջամտի կազմի ընտրությանը, բայց այս հարցով խոսակցություն կարող ենք ունենալ: Հուսով ենք, որ մի օր Մխիթարյանը կվերադառնա հավաքական:
Ոչ մի անհամերաշխություն չկա ֆեդերացիայի ու Մխիթարյանի միջև: Նա ամիսներ շարունակ գալիս էր հավաքական, շփվում էինք»,- ասել է Արմեն Մելիքբեկյանն՝ ընդգծելով, որ ՀՖՖ-ն ամեն ինչի պատրաստ է, որ Մխիթարյանը վերադառնա։