10/11/2022 11:44
Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին նոր առաջարկ ներկայացնել. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին հայտարարեց՝ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին թույլ տալ Հայաստանի ճանապարհներով կապ ստանալ Նախիջևանի ինքնավար Հանրապետության հետ։
Նա հիշեցրեց ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը շրջանառության մեջ է դրվել և որով առաջարկվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանին հսկիչ անցագրային կետեր ստեղծել։
«Այդ որոշումը չի ընդունվում միայն մի պատճառով. Ադրբեջանը չի ուզում այդ ճանապարհը, սա նշանակում է, որ Հայաստանը լիարժեքորեն կատարում է իր պարտավորությունը ու Ադրբեջանն է, որ չի ցանկանում օգտվել ընձեռնված հնարավորությունից», - կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Փաշինյանը։
Նման մերժողականությունը, ըստ նրա, բացարձակապես անհասկանալի է։
«Եթե Ադրբեջանն իսկապես խաղաղություն է ուզում ու տրամադրված է խաղաղության, եկեք, ուրեմն, բացենք այդ հսկիչ անցագրային կետեը, եկեք մարդկանց համար հնարավորություն ստեղծենք, պարզ է՝ նրանք սկզբից կտատանվեն, կմտածեն, բայց երբ համոզվեն մտադրությունների անկեղծության մեջ, թե Հայաստանի, թե Ադրբեջանի քաղաքացիները միանշանակորեն կսկսեն օգտվել տեղաշարժի այս նոր հնարավորությունից», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այս թեմայով պատրաստվում են նոր առաջարկ ներկայացնել Ադրբեջանին։
«Ընդ որում, մենք այս թեմայով ևս մեկ լրացուցիչ պահեստային առաջարկ ունենք», - ասաց նա։
Ինչ վերաբերում է նոր ճանապարհների կառուցմանը՝ Փաշինյանն ասաց, թե Հայաստանը նման պարտավորություն 2020 թվական նոյեմբերի 9-ի եռակողմ կամ որևէ այլ հայտարարությամբ չունի։
Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ի կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Հայաստանն ամեն օր պատրաստ է Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև կապ ապահովել, բայց Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորությունից։
«ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես կարգն է, եկեք, հատեք ՀՀ սահմանը, գնացեք Նախիջևան՝ հենց այսօր։ Նախորդ տարվանից մենք ունենք սահմանապահ ու մաքսային կետ, մենք Ադրբեջանին ասել ենք՝ ցանկացած պահի այդ կետերը կարող են հատել ու կապ հաստատել Նախիջևանի հետ», - ասել էր վարչապետը։
Օգոստոսի18-ին, արդեն, ԱԱԾ-ն շրջանառության մեջ դրեց նախագիծ, որով առաջարկվում է անցակետեր ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում:
Ակնկալվող արդյունքը Հայաստանում պետական սահմանի նոր անցման կետերի ստեղծումն է՝ պետական սահմանով անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների անցումը կազմակերպելու և իրականացնելու նպատակով:
Նոր անցակետերը նախատեսվում են ստեղծել Գեղարքունիքի (Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի՝ ավտոմոբիլային), Արարատի (Երասխ համայնք՝ ավտոմոբիլային), Սյունիքի (Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արևելք Մ2 մայրուղի` ավտոմոբիլային) մարզերում հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ:
Ադրբեջանական կողմը արձագանքել է հայկական կողմի այս առաջարկին:
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտարարել էր, թե Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետեր ստեղծելու մասին Հայաստանի կառավարության որոշումը դիտարկում են որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով ստանձնած պարտավորությունների կատարման իմիտացիա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 17-ին հիշեցրել էր, որ Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը մի քանի ամիս պաշտոնապես շրջանառվում է։
«Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին», - «Թվիթեր»-ում գրել էր Փաշինյանը։
Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել էր Փաշինյանին՝ հայտարարելով, թե անիրատեսական են համարում սահմանին անցակետեր բացելու Հայաստանի առաջարկած տարբերակները։