10/11/2022 12:26
Սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով 16 անհետ կորած ունենք. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանը շարունակաբար շահարկման առարկա է դարձնում անհետ կորած անձանց թեման՝ փորձ անելով տպավորություն ստեղծել, թե նման խնդիր միայն ինքը ունի, և իբր Հայաստանը դեստրուկտիվ է հումանիտար այս հարցի լուծման համատեքստում, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մինչդեռ, նրա խոսքով, Հայաստանի Հանրապետության համար սա նույնքան հրատապ և ցավոտ խնդիր է:
«Ղարաբաղյան առաջին պատերազմից հայկական կողմի անհետ կորածների թիվը 777 է, 44-օրյա պատերազմից՝ 203: Մենք նույնիսկ սեպտեմբերի 13-ից 16 անհետ կորած ունենք, և այդ տղաների մարմինները գտնվում են ադրբեջանական տիրապետության ներքո հայտնված տարածքներում, ու Ադրբեջանը բոլոր հնարավոր մեթոդներով, մտացածին պատրվակներով ձգձգում է նրանց վերադարձը Հայաստան: Իսկ 2020 թվականից ի վեր՝ հայկական կողմն Ադրբեջանին է վերադարձրել առաջին պատերազմի անհետ կորածների 130 մարմին և ակտիվորեն շարունակում է այդ ուղղությամբ աշխատանքը, որը չափազանց բարդ է որևէ մշակված տեղեկատվության բացակայության պատճառով», - ասաց վարչապետը։
Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանը 2020 թվականի պատերազմից հետո հումանիտար ժեստ արեց՝ Ադրբեջանին հանձնելով 7 շրջանի ականապատ դաշտերի իր ունեցած բոլոր քարտեզները։
«Բայց Ադրբեջանը սա նույնպես դարձրեց ոչ թե փոխվստահության մթնոլորտի ձևավորման, այլ ագրեսիվության ու թշնամանքի ծավալման առարկա», - ընդգծեց նա։