10/11/2022 14:51
Ցրված սկլերոզի ախտանշանները
Aysor.am-ը շարունակում է ներկայացնել փաստեր Ցրված սկլերոզ հիվանդության մասին։ Այս անգամ կներկայացնենք Ցրված սկլերոզի ախտանշանները։
Կան բազմաթիվ ախտանշաններ, որոնք կարող են առաջանալ նյարդաթելերի դեմիելինիզացիայի հետևանքով։
Թե կոնկրետ պացիենտի մոտ ինչպիսի ախտանշաններ կարող են առաջանալ, լիովին կախված է նրանից, թե հիվանդության հետևանքով նյարդաթելերի որ հատվածն է վնասված:
Կան մի շարք ախտանշաններ, որոնք ավելի հաճախ են հանդիպում:
Դրանցից են.
1. Տեսողական խանգարումները՝ հաճախ դրսևորվում է մի աչքի տեսողության կորուստ, որն ուղեկցվում է ցավերով:
2. Այսպես կոչված կոգնիտիվ խանգարումները՝ ցրված սկլերոզով պացիենտների մինչև 30%-ն ունենում է հիշողության, ուշադրության կենտրոնացման և նոր տեղեկատվության մշակման խնդիրներ:
3. Մեջքի շրջանում ճնշման զգացողությունը՝ այս ախտանշանը անգլերեն կոչվում է hug - «ցրված սկլերոզի գրկախառնություններ»:
Անդրադառնալով առանձին ախտանշաններին․
Կոգնիտիվ խանգարումները դրանք մտածողության և հիշողության հետ կապված խնդիրներն են, երբ պացիենտը
- դժվարությամբ է հիշում կամ ընկալում տեղեկատվությունը,
- դժվարությամբ է կայացնում որոշումներ,
- դժվարությամբ է կենտրոնանում:
Ցրված սկլերոզի դեպքում կոգնիտիվ խանգարումներն առաջանում են գլխուղեղի նյարդաթելերի վնասման հետևանքով, երբ խանգարվում է նյարդային ազդակների փոխանցումը, իջնում է ազդակի փոխանցման արագությունը կամ տեղեկատվության հստակությունը:
- Ցրված սկլերոզի այլ ախտանշանները՝ թուլությունը, անհանգստությունը կամ դեպրեսիան կարող են խորացնել կոգնիտիվ խանգարումները:
- Այս խանգարումները մեծ ազդեցություն են թողնում առօրյա կյանքի վրա: Հասարակ գործողություններ կատարելը պացիենտից պահանջում են մեծ ջանքեր:
Ցրված սկլերոզի դեպքում նյարդային բջիջների ախտահարումը դանդաղեցնում կամ երբեմն նույնիսկ դադարեցնում է ազդանշանների անցումը դեպի ուղեղ կամ հակառակը: Այդ պատճառով կարող են զարգանալ մանր շարժողական ֆունկցիաների խանգարումներ՝ դժվարանում է ձեռքի կամ մատների շարժումները։
Ցրված սկլերոզի ժամանակ հանդիպող կլինիկական ախտանշաններից է նաև կոնքի օրգանների ֆունկցիաների խանգարումը:
Օրինակ՝ միզարձակության խանգարումները կարող են լինել ՑՍ առաջին դրսևորումը դեպքերի 5%-ում, սակայն հիվանդների ճնշող մեծամասնությունը ունենում է այս զանգատները հիվանդության այս կամ այն փուլում։ Միզարձակության խանգարումներին հաճախ ուղեկցում են աղիների գործունեության խնդիրները և էրեկտիլ ֆունկցիայի խանգարումները։ Քանի որ ցրված սկլերոզի ժամանակ դեմիելինիզացիայի՝ կարծրացման օջախների տեղակայումն ունի տարածուն բնույթ, այդ պատճառով կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարումը կարող է լինել 2 տիպի.
1. Կենտրոնական, որը պայմանավորված է այն նյարդային ուղիների ախտահարմամբ, որոնք միացնում են գլխուղեղը ողնուղեղի վերին գոտկա-սրբանային հատվածին, որտեղ տեղակայված են միզապարկը, ուղիղ աղին, սեռական օրգանները նյարդավորող կենտրոնները: Այս դեպքում խանգարվում է միզարձակումը, կղազատումը և էրեկցիան: Միզարձակման խանգարումները դրսևորվում են միզարձակման կեղծ կանչերի, միզակապության և անմիզապահության (մեզը պահելու անկարողության) ձևով, կղազատման խանգարումները՝ կղապահության ձևով, իսկ էրեկցիայի խանգարումները՝ ցավոտ, երկարատև էրեկցիաների ձևով:
2. Ծայրամասային, որը պայմանավորված է միզապարկը, աղիները և առնանդամը նյարդավորող ծայրամասային նյարդերի ախտահարմամբ: Այս դեպքում պացիենտների մոտ դիտվում է լիարժեք անմիզապահություն և անկղապահություն, էրեկցիայի և էյակուլյացիայի անհնարինություն: Հնարավոր է նաև միզարձակման խանգարման ևս մեկ տարբերակ, որում համակցված են միզապահությունը՝ միզապարկը միշտ լիքն է մեզով և նրա ակամա դատարկումն անհնար է, և անմիզապահությունը՝ միզապարկից մեզն անընդհատ հոսում է կաթիլներով փականի մեխանիկական ձգման հետևանքով: