10/11/2022 09:29
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը վերահաստատել է համերաշխությունը Հայաստանին և հայ ժողովրդին
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին նոյեմբերի 9-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն:
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ երախտիքի խոսքեր հղելով ծանր մարտահրավերներին դիմակայող Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ Ֆրանսիայի դրսեւորած բացառիկ համերաշխության ու սատարման համար: Նա գոհունակությամբ է ընդգծել ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային Ֆրանսիայի՝ պետական ամենաբարձր մակարդակով հասցեական արձագանքն ու իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ կարեւոր հանձնառությունը:
Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել նաեւ դարավոր բարեկամության վրա խարսխված հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների կարեւոր ոլորտներից մեկը հանդիսացող միջխորհրդարանական համագործակցությունը: Այդ համատեքստում նա առանձնահատուկ արժեւորել է Ֆրանսիայի Ազգային ժողովի, ֆրանսիացի խորհրդարանականների ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ անվտանգային սպառնալիքների մասին միջազգային հանրությանն ահազանգելու եւ ի պաշտպանություն Հայաստանի եւ հայ ժողովրդի՝ միջազգային գործուն քայլեր ձեռնարկելու հարցում:
Անդրադարձ է կատարվել սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիային, դրա աշխարհաքաղաքական եւ հումանիտար հետեւանքներին, Ադրբեջանի իշխանությունների ծավալապաշտական եւ ագրեսիվ քաղաքականությանը, բանակցային գործընթացին: Փոխադարձաբար կարեւորվել է տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատման ուղղությամբ միջազգային միջնորդական դերակատարությունը, ներառյալ՝ Ֆրանսիայի նախագահի առաջնորդությամբ իրականացող ԵՄ միջնորդական ջանքերը եւ ՀՀ սահմանային իրավիճակի գնահատման նպատակով ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության գործունեությունը:
Տարածաշրջանում անվտանգային միջավայրի վերականգնման եւ կայուն խաղաղության հաստատման տեսանկյունից Հակոբ Արշակյանը կարեւորել է միջազգային աջակցությամբ Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդումը՝ որպես ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական նկրտումները զսպելու իրական երաշխիք:
Հանդիպման ավարտին Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն վերահաստատել է Ազգային ժողովի եւ ամբողջ Ֆրանսիայի համերաշխությունը Հայաստանին եւ հայ ժողովրդին:
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի անունից Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17