10/11/2022 09:26
«Հրապարակ». Նախատեսվում է խստացնել պետական և ծառայողական գաղտնիքի հրապարակման համար նախատեսված պատիժը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունն օրենսդրական փաթեթ է մշակել՝ նախատեսում է խստացնել պետական և ծառայողական գաղտնիքի հրապարակման համար նախատեսված պատիժը, ընդլայնել «պետական գաղտնիք» համարվող տեղեկությունների ցանկը, պետական գաղտնիք համարել «ծառայողական գաղտնիք» համարվող և «գաղտնի» դրոշմագիր ունեցող բոլոր փաստաթղթերը։ Օրինակ, ահաբեկչությանը հնարավոր առնչություն ունեցող անձանց ու կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական մոնիտորինգի, պետական պահպանության ենթակա կառույցների անվտանգության, պետական սահմանի պաշտպանության, ազգային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների մասին տեղեկությունները, որոնք «պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, արտադրանք կամ նյութեր, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը»։
Գաղտնիքի հրապարակման համար՝ գործող Քրեական օրենսգրքով նախատեսված 1-4 տարվա պատիժ, առաջարկվում է սահմանել 3-5 տարի, եթե արարքը նաև առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ ծանր հետևանք է առաջացրել` մինչև 8 տարի։ Նկատենք, որ սա 44-օրյա պատերազմի ժամանակ կիրառված սահմանափակումների նորացված տարբերակն է, որով ուզում են հավերժացնել խոսքի ազատության դեմ այն ժամանակ կիրառված սահմանափակումները: Երևի, համը բերաններում է մնացել: Բայց սա հստակ հակասահմանադրական օրենք է, և այն, կարծում ենք, միջազգային կառույցների և ընդդիմության պատշաճ ուշադրությանը կարժանանա»։