11/11/2022 20:43
Եթե Ղարաբաղի հարցը լուծված է, այդ դեպքում ԼՂ հայությունն ինչո՞ւ չի զգում դա. Վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ միջազգային բոլոր հանդիպումներում արձանագրում են՝ ՀՀ տարածքի մի մասն օկուպացված է ու ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն Հայաստանի տարածքից:
«Եթե մենք փոխադարձաբար ընդունում ենք 1991 թվականի սահմանը, դրանով իսկ ֆիքսվում է, որ Ադրբեջանն օկուպացրել է մեր տարածքները», - Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ եթե սահմանի գոյությունը չֆիքսվեր, ո՛չ ԵՄ, ո՛չ էլ որևէ դիտորդական այլ առաքելություն չէր կարող գալ:
Վարչապետն ասաց, թե Սոչիում էլ է ֆիքսվել սահմանը ՀԱՊԿ-ի համատեքստում:
«Որովհետև ՀԱՊԿ առանցքային երկրի՝ Ռուսաստանի միջնորդությամբ է այդ արձանագրումը տեղի ունեցել», - նշեց նա:
Փաշինյանն ասաց՝ Ադրբեջանի նախագահն ասում է, թե Սոչիի ու Պրահայի հայտարարություններով Լեռնային Ղարաբաղի հարցը պատմության գիրկն է ուղարկվել կամ լուծվել է:
«Պրահայից ու Սոչիից առաջ էլ էր այդ նույն արձանագրումն անում, այստեղ պետք է հասկանալ՝ որն է նրա արձանագրման տարբերությունը: Մենք ասել ենք ու ասում ենք, որ երբեք էլ ԼՂ հիմնախնդիրը տարածքի խնդիր չի եղել, այլ բան, որ մեր արտաքին քաղաքականությունն այս կոնտեքստը ի վիճակի չի եղել ներկայացնել միջազգային հանրությանը», - ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն:
«Եթե Ղարաբաղի հարցը լուծված է, շատ լավ, այդ դեպքում ԼՂ հայությունն ինչո՞ւ չի զգում դա, ինչո՞ւ են ադրբեջանական զորքերը ԼՂ-ի շուրջ դիրքեր տեղադրել ու ինչո՞ւ են կրակում ԼՂ-ի վրա: Մենք դեմ չենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվի կամ լուծված լինի, մենք ասում ենք, որ այդ լուծումը պետք է տեսնեն, զգան ու ընդունեն այնտեղ ապրող մարդիկ», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17