12/11/2022 18:40
Դիմահարդարումը հեռացնելու գրագետ եղանակներ. Խորհուրդներ մասնագետից
Դիմահարդարումը հեռացնելը պարտադիր է, իսկ ճիշտ արտադրանքի դեպքում այն դառնում է մաշկի լրացուցիչ խնամք:
Դիմահարդարումը մաքրելու ամենատարածված եղանակների, մաշկի գրագետ խնմաքի մասին Aysor.am-ի հետ զրուցել է կոսմետոլոգ Քրիստինե Հայրապետյանը։
«Վերջին տարիներին դիմահարդարումը մաքրող միջոցներ արտադրողների ոլորտը հարստացել է բազմաթիվ նոր հնարավորություններով։ Լայնորեն կիրառվողը միցելյար ջուրն է։ Այն մաքրում է, հեռացնում դիմահարդարումը և մաշկը դարձնում փափուկ ու խնամված», - ասաց մասնագետը։
Վերջինիս խոսքով, լայն գործածության մեջ է նաև միցելյար կաթը, որն ունի յուղալի հյուսվածք և հարմար է զգայուն կամ չոր մաշկի համար, որը սնուցող և փափկեցնող ակտիվ բաղադրիչների կարիք ունի:
Եթե ձեզ դուր են գալիս բազմաֆունկցիոնալ արտադրանքներ, կան նաևայնպիսիք, որոնք կրկնակի են մաքրում դեմքը և կարող են ծառայել որպես դիմակ: Դա պայմանավորված է ակտիվ խոնավեցնող, փափկեցնող և սնուցող բաղադրիչներով, ինչպիսիք են յուղերը, վիտամին E-ն, կոլագենը: Դրանցով կատարվում է մերսում խոնավ դեմքի վրա, որից հետո մաշկը դառնում է փափուկ և կատարելապես մաքրված, նույնիսկ, անջրանցիկ դիմահարդարումից:
«Դասական ամենօրյա մաքրման համադրությունը երբեք դուրս չի գալիս նորաձևությունից, քանի որ այն արդյունավետ է և բազմակողմանի: Մաքրող լուծույթն ունի թավշյա և հարուստ հյուսվածք, ինչը այն դարձնում է իդեալական նորմալ և չոր մաշկ ունեցողների համար և խոնավությունը պահպանում է ավելի երկար, քան գելերն ու օճառները: Օգտագործվում է սկավառակի հետ, ապա ավելցուկը հանվում է մաքուր բամբակյա սրբիչով կամ ջրով, իսկ վերջում օգտագործվում տոնիկ»,- ասաց կոսմետոլոգը:
Մասնագետը նշեց նաև, որ օճառի մաքրության և թարմության զգացումը սիրողները պետք է հիշեն, որ դեմքի մաքրման համար պահանջվում է հատուկ բանաձև, որն ագրեսիվ չէ և դրա օգտագործումից մաշկը չի թեփոտվում։ Այն 5,5 pH-ով օճառն է և լրացուցիչ նյութերով, բուսական յուղերով, երիցուկի, վարսակի կամ այլ բույսերի էքստրակտներով, որոնք փափկեցնող հատկություն ունեն։
Մաշկի հատուկ տիպ ունեցողներին մասնագետը խորհուրդ է տալիս օգտագործել յուղեր, բիֆազային դիմահարդարումը մաքրող միջոցներ և մուսեր։
«Մաքրումը բաղկացած է ջրային մասից, որը խոնավեցնում է մաշկը և յուղային խառնուրդից, որը կարող է հեռացնել ամենահամառ դիմահարդարումը:
Մեկ այլ փափուկ և մետաքսյա հյուսվածք ունեցող արտադրանքը մուսն է։ Եթե ցանկանում եք երիտասարդացնող ազդեցություն ունենալ, ապա ձեզ անհրաժեշտ է հակաօքսիդանտներով հարստացված մուս»,- հավելեց մասնագետը։
Մաքրող անձեռոցիկները, որոնք նախատեսված են դրսում օգտագործման համար, այնքան հարմար են, որ շատերն օգտագործում են դրանք նաև տանը:
Առավել նուրբ տեսակները ալկոհոլ չեն պարունակում, այլ պարունակում են մեծ քանակությամբ բնական ծագման բաղադրիչներ, ինչպիսիք են վարդի ջուրը, վարունգի էքստրակտները՝ կոմբինացված մաշկի համար, արգան կամ ալոե վերա՝ խոնավեցնող և փափկեցնող ազդեցություն ունենալու համար:
Կան նաև այնպիսիք, որոնք թաթախված են միցելյար ջրի մեջ և պատրաստված են մետաքսե մանրաթելերով փափուկ գործվածքից:
«Էկոլոգիական տարբերակ է միկրոֆիբրե կտորները, որոնք հաճախ պատրաստվում են ձեռնոցների տեսքով: Դրանք թրջում են պարզ ջրով և նրբորեն քսում դեմքին։ Երբեմն դրանք ունեն երկու կողմ՝ ավելի փափուկ՝ դիմահարդարումը հեռացնելու համար և կոպիտ՝ մեռած բջիջները շերտազատելու համար»,- ասաց Քրիստինե Հայրապետյանը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։