12/11/2022 19:21
Ինչի կարող է հանգեցնել մատները «կոտրելու» վատ սովորությունը
Մատներ «կոտրելու» սովորությունն այսօր տարածված է շատերի մոտ, թեև վաղուց հայտնի է, որ դա երկարաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել այնպիսի հիվանդությունների զարգացման, ինչպիսին, օրինակ, արթրիտն է։
Այս սովորությունը ոմանց համար կարող է նույնիսկ որոշակի հաճույք ներկայացնել, և նրանք դա անում են օրը մի քանի անգամ՝ չմտածելով հնարավոր հետևանքների մասին։
Հոդերը երկու ոսկորների միացումն են, բոլոր հոդերն ունեն այսպես կոչված հոդային պարկ, որը պաշտպանում է դրանք և հոդի շարժունակ լինելու համար ունի բնական անհրաժեշտ հեղուկ:
Հենց այս հեղուկի պատճառով է, որ մենք լսում ենք բնորոշ կտկտոց կամ ճտճտոց, քանի որ այն պարունակում է օդ, և երբ հոդը ձգվում է, հոդի պարկուճի ներսում տարածությունն ավելանում է, արդյունքում լուծված գազերը ձևավորում են փուչիկներ, որոնք հակված են լցնել տարածությունը։
Այս գործողությունից հետո այն անմիջապես հնարավոր չէ կրկնել, քանի որ հոդերը նախ պետք է վերադառնան իրենց նորմալ դիրքին, և գազերը լուծվեն հեղուկի մեջ: Բայց դրա համար էլ շատ ժամանակ չի պահանջվում. մոտ 15 րոպե հետո արդեն հնարավոր կլինի կրկնել սեղմումը։
Մասնագետները նշում են, որ սովորությունը կարող է կապված լինել նյարդային համակարգի հետ։ Սակայն սրա հետ մեկտեղ մարդիկ կարող են դա անել միայն իրենց հաճույքի համար, քանի որ հոդերի ձգման ժամանակ այս հատվածի նյարդային վերջավորությունները գրգռվում են։
Տարբեր հարցումների և ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ մարդկանց 25-ից 54%-ն ունի այս սովորությունը, և այն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց, քան կանանց մոտ։
Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ այս սովորությունը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել արթրիտի, հոդերի անկայունության, թուլացման և նույնիսկ ձեռքերի ֆունկցիայի կորստի:
Գիտական տեսանկյունից երկարաժամկետ սովորությունը կարող է հանգեցնել հոդի ծածկող աճառի վնասմանը։
Այնուամենայնիվ, փաստ է, որ մարդիկ, ովքեր նախկինում հաճախ են կռկել իրենց մատները, հետագայում զգացել են հոդերի որոշակի անհանգստություն և նույնիսկ բորբոքում:
Այսպիսով, գիտնականների և հետազոտողների կարծիքները բաժանվում են. ոմանք կարծում են, որ այս վատ սովորությունը կարող է հանգեցնել հոդերի լուրջ հիվանդությունների զարգացմանը, իսկ մյուսները, ընդհակառակը, վստահ են, որ դա որևէ վտանգ չի ներկայացնում։
Իրականում, պարզապես բավարար գիտական ապացույցներ չկան, որոնք կապում են մատների ճտճտոցը արթրիտի հետագա զարգացման հետ: Այս հիվանդության պատճառները ավելի կապված են գենետիկ գործոնի, տարիքային փոփոխությունների և այլ պատճառների հետ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։