12/11/2022 19:00
Մատնահարդարման գործիքների մանրէազերծման կանոնները. Ինչպես չվնասել հաճախորդի առողջությունը
Եղունգների համար նախատեսված գործիքների մանրէազերծումը մատնահարդարման ամենակարևոր քայլերից մեկն է: Ախտահանման և ստերիլիզացման կանոնների անտեսումը կարող է ազդել ինչպես վարպետի, այնպես էլ հաճախորդի առողջության վրա:
Թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է մատնահարդարման մասնագետ Կարինե Առաքելյանի հետ.
«Մեր օրերում կարիք չկա ինչ-որ մեկին բացատրելու ստերիլիզացման կարևորությունը։ Օրական ավելի քան տասը հազար մանրէ է նստում մարդու ձեռքերի վրա, սնկերն ու վարակները պահպանվում են: Որպես կանոն, մաշկն ինքն է պաշտպանում կրողին, սակայն երբ այն վնասվում է, վարակի վտանգը կրկնապատկվում է։
Գործիքների վրա մատնահարդարումից հետո սովորաբար մնում են մաշկի մասնիկներ, բակտերիաներ և վարակներ: Լուրջ հիվանդությունները, ներառյալ հեպատիտը կամ ՄԻԱՎ-ը, կարող են փոխանցվել չախտահանված գործիքների միջոցով»,- ասաց մասնագետը:
Գործիքի մանրէազերծումը և ախտահանումը հիմնականում ուղղված է հաճախորդի վարակման և վարակի կանխարգելմանը. Գործիքների մանրէազերծման կանոններին չհետևող վարպետը վտանգում է ոչ միայն իրեն և պատվիրատուին, այլև ոլորտի աշխատանքը:
«Ցանկացած մատնահարդարի համար չափազանց կարևոր է պրոֆեսիոնալ գործիքը, որը միշտ պետք է լինի մաքուր, սուր և պատրաստ աշխատելու։ Սա մատնահարդարման գործիքի պատշաճ մշակման երկրորդ ֆունկցիոնալ խնդիրն է՝ երկարացնել դրա ծառայության ժամկետը», - նշեց մատնահարդարը:
Մասնագետն անդրադարձավ նաև մատնահարդարման գործիքների մանրէազերծման փուլերին ևպատմեց, թե ինչպես ճիշտ մշակել գործիքները:
Մատնահարդարման գործիքների մանրէազերծման հիմնական փուլերը ներառում են՝
նախնական մաքրում,
ախտահանում լուծույթներով,
ստերիլիզացում,
ձեռքերի հակասեպտիկ բուժում։
Առաջին փուլում գործիքը տեղադրելով ջրով և դրա մեջ նոսրացված ախտահանիչ լուծույթով տարայում, պետք է թողնել 15 րոպեից մինչև կես ժամ։
Այս ընթացակարգի ընթացքում վնասակար մանրէների և բակտերիաների մեծ մասը հեռացվում է պինցետների, մկրատի և այլնի մակերեսից։ Սակայն այս մեթոդը չի երաշխավորում պաշտպանություն սնկային և այլ վիրուսներից։ Օրինակ, հեպատիտ B-ի վիրուսը կարող է պահպանվել նաև կարճ ախտահանման դեպքում:
Մանրէազերծման ավելի ժամանակակից և արդյունավետ միջոց է ուլտրաձայնային մաքրումը։ Այն մի քանի անգամ ավելի արդյունավետ է, քան ախտահանումը լուծույթները, մաքրում է գործիքները մանրէներից, միկրոօրգանիզմներից և այլ աղտոտիչներից:
Օգտագործվում է ուլտրաձայնային ալիքների միջոցով մանր գործիքների (փոքր, ֆրեզերային կտրիչների) մաքրման համար: Նման սարքում մշակումը բավարար չէ ամբողջական ստերիլիզացման համար, հետևաբար, ուլտրաձայնային ախտահանումից հետո գործիքները դեռ պետք է ջերմային մշակվեն:
Մասնագետ Կարինե Առաքելյանը խորհուրդ տվեց նաև գործիքները մաքրելու համար օգտագործել օճառ և կոշտ խոզանակ՝ յուրաքանչյու գործիք հոսող ջրի տակ մանրակրկտորեն լվանալով:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։