12/11/2022 12:10
Հայաստանի դեմ մարտահրավերները ոչ միայն արտաքին են, այլև՝ ներքին. Ռուբեն Մելքոնյան
Հայ ժողովուրդն այսօր ապրում է բավականին բարդ իրավիճակում. Հայաստանի դեմ մարտահրավերները ոչ միայն արտաքին են, այլև՝ ներքին, ««Խաղաղության դարաշրջանի» գաղափարախոսական սահմանադրությունը. (Ժիրայր Լիպարիտյանի «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» գրքի թուրքագիտական գրախոսություն)» գրքի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց թուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը:
«Ներքին մարտահրավերների մեջ ես կարևորում եմ այն կեղծ ու սուտ տեղեկատվության տարափը, որի թիրախը մեր հասարակությունն է», - ասաց նա:
Ըստ Մելքոնյանի՝ հայ հասարակությանը ներկայացնում են Թուրքիայի, Ադրբեջանի հետ ոչ միայն հարաբերություններ կարգավորելու, այլև բարեկամանալու հնարավորությունը, որի հավաքական անվանումն է խաղաղության դարաշրջան:
«Դա, սակայն, որևէ կապ չունի իրականության հետ, ավելին, չկա որևէ նախադրյալ դրան հասնելու համար: Ի դեպ, այս սին ու սնանկ խաղաղության դարաշրջանի տապալվելու հավանականության մասին արդեն սկսել են խոսել նույնիսկ այս իշխանությունները՝ անուղղակի կամ ակնարկներով, սակայն, միևնույն ժամանակ, պնդում են, թե հավատում են այդ կեղծիքին ու գնալու են այդ ճանապարհով», - նշեց պրոֆեսոր Մելքոնյանը:
Նա ասաց, թե խաղաղության դարաշրջանի գաղափարախոսը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, շատ հարցերում սխալ է, շատ հարցերում ապակողմնորոշում է հասարակությանը:
«Սա վտանգ է, հասարակական ու գոյութենաբանական վտանգ», - ընդգծեց Ռուբեն Մելքոնյանը:
Ըստ թուրքագետի՝ Ժիրայր Լիպարիատյանը միտումնավոր Թուրքիային ոչ իրական ու ցանկալին որպես իրականություն ներկայացնելու ջանքեր է գործադրում:
Մելքոնյանը Լիպարիտյանից մի քանի թեզ էր առանձնացրել, որոնք ներկայացրեց հանրությանը: Ըստ նրա՝ այդ թեզերից մի քանիսը երեկ հնչել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցում:
«Առաջին թեզը, թե Թուրքիան սպառնալիք չէ ու թշնամի չէ: Սա ամենախոցելի ու, միևնույն ժամանակ, հայ հասարակությանը ապակողմնորոշելու առումով ամենավտանգավոր թեզն է, մենք պետք է դիտարկենք այն, որ, ըստ Լիպարիտյանի, սուտ ու կեղծ էին այն մտավախությունները, թե Թուրքիան 1990-ականներին ու 2020-ին ցանկացել է զինված հարձակում գործել Հայաստանի վրա, սուտ են այն թեզերը, որ Թուրքիան ուղիղ ներգրավված է եղել 44-օրյա պատերազմում», - մանրամասնեց պրոֆեսորը:
Հաջորդ թեզը, որն ասել է Լիպարիտյանն, այն է, թե ինքն Ադրբեջանից ու Թուրքիայից վտանգ չի տեսնում:
«Սա կարող ենք համարել հաստատակամ մոլորություն, սակայն ուշագրավ է, որ Թուրքիայի չհարձակման հարցում այսքան վստահ մարդիկ չեն խոստովանում, որ 44-օրյա պատերազմում Թուրքիան ուղղակի ու անուղղակի ներգրավված էր: Այդ մասին հայտարարել ու շարունակում են հայտարարել Թուրքիայի նախագահը, պաշտպանության նախարարը, ԱԳ նախարարը», - ասաց Մելքոնյանը:
Նա ասաց, թե Ժիրայր Լիպարիտյանի աշխատությունում այն Թուրքիան, որը ներկայացվում է, իրականում գոյություն չունի:
«Այս գիրքը ծայրահեղական, հաճախ անհիմն թեզերը ու դրանց ոչ գիտական հիմնավորումները ներկայացնելու փորձ է. գրքի բնույթը կարելի է որակել որպես հայկական հասարակությանը շատ կարևոր ու ճակատագրական թեմաների շուրջ ապակողմնորոշող քարոզչական աշխատանք, որը միտված է ապահովելու, այպես կոչված, խաղաղության դարաշրջանի գաղափարախոսական հենքը»,- հավելեց պրոֆեսոր Մելքոնյանը: