12/11/2022 10:13
«Ժողովուրդ». Մամիկոն Ասլանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Պաշտպաններ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շուրջ 1 տարի կալանքի տակ գտնվող «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի՝ Վանաձորի համայնքապետի հաղթած թեկնածու Մամիկոն Ասլանյանն իրեն քաղբանտարկյալ է համարում:
Այս մասին նա հայտարարել է «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում: Մեր այն հարցին, թե այս ամիսների ընթացքում արդյոք հասկացել է, թե որն է իր մեղքը, որ կալանքի տակ է, Մամիկոն Ասլանյանը պատասխանեց. «Ընտրվել եմ, երեւի թե դա էր իմ մեղքը»։
Ինչպես հայտնի է, 11 ամիս առաջ՝ դեկտեմբերի 4-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նախագահությամբ, որոշել էր բավարարել ՀՀ ՔԿ-ի միջնորդությունը «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի՝ Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին կալանավորելու որոշումը:
Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերեւույթ տվյալներ են ձեռք բերվել 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչեւ 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մամիկոն Ասլանյանի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ:
Ասլանյանի պաշտպանները պնդում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Քրեական գործը հիմա էլ քննում է ՀՀ հակակոռուպցիոն դատարանը»։