14/11/2022 12:20
Կարծում եմ՝ առաջիկայում էլ սադրանքներ կլինեն. մեր հարևանն Ադրբեջանն է, ցանկացած սցենար կարող է իրականություն դառնալ. ՔՊ-ական պատգամավոր (Տեսանյութ)
Ադրբեջանական զինուժի կողմից շարունակվում են սադրանքները, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Որևէ զարմանալու բան չկա, մենք, ինչքան հիշում ենք, այդ սադրանքները եղել են, կարծում եմ՝ առաջիկայում էլ կլինեն, պետք է պատրաստ լինենք այս ամենին», - հայտարարեց նա։
ՔՊ-ական պատգամավորի խոսքով՝ հայկական կողմից բավական ակտիվ շարունակվում են ինժեներական աշխատանքները, որոշ հատվածներում արդեն տրվել է ավարտ։
Խաչատրյանն ընդգծեց՝ առաջնագծում կահավորում իրականացնելը, ինժեներատեխնիկական լուծումներ տալը որևէ կերպ պայմանավորված չէ սահմանների գծման հեռանկարի հետ. պայմանավորված է կոնկրետ այս պահին մեր պաշտպանունակությունը կազմակերպելու ու բարձրացնելու հետ։
«Այսինքն՝ եթե նորից ագրեսիա եղավ, մենք պետք է ամեն կերպ պատրաստ լինենք, սա արվում է այդ նպատակով, որևէ կապ չունի սահմանների գծնանշման աշխատանքների հետ։ Մեր հարևանն Ադրբեջանն է ու հուսալ, որ այս անգամ չեն հարձակվի, տեղին չէ, ցանկացած սցենար կարող է իրականություն դառնալ», - ասաց պատգամավորը։