14/11/2022 13:43
Քննարկվել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող միջազգային փաստաթուղթը
Հայաստանի Հանրապետությունը 2007 թ. ստորագրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան» եւ կամընտիր արձանագրությունը, սակայն 2010 թ. հոկտեմբերի 22-ին վավերացրել է միայն կոնվենցիան:
Կամընտիր արձանագրությունը կոնվենցիայի մշտադիտարկման մեխանիզմներից է, լուծում է կոնվենցիայով բավարար չկարգավորվող հարցեր: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը:
«Մշտադիտարկումն ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեն, որի անդամներն անկախ փորձագետներ են: Կոմիտեն է քննարկում մասնակից պետությունների կողմից պարբերաբար ներկայացվող զեկույցները եւ դրանց հիման վրա աշխատում պետությունների հետ»,- ընդգծել է զեկուցողը:
Փոխնախարարի խոսքով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացումը թույլ կտա ամրապնդել Հայաստանի եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի հետ փոխգործակցությունը` բարձրացնելով մարդու իրավունքների ոլորտում ՀՀ միջազգային հեղինակությունը:
Հարցը Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ քննարկվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 14-ի արտահերթ նիստում եւ ստացել դրական եզրակացություն: