14/11/2022 16:51
Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց Արցախում իրավունք կվերապահվի մարտական զենք ստանալ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 14-ին հրավիրված հերթական նիստում քննարկվել է ««Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ մամուլի ծառայությունից:
Նախքան օրակարգային հարցի քննարկումը, հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի կազմում փոփոխություն է կատարվել՝ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանին կփոխարինի Դավիթ Գալստյանը:
Նախագծով, որը ներկայացրել է Արցախի ոստիկանապետ, գնդապետ Արտեմ Հարությունյանը, առաջարկվում է օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասում «օրենքով» բառը փոխարինել «օրենքով կամ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերով։ Օրենքի նախագծի ընդունման արդյունքում հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց իրավունք կվերապահվի ժամանակավոր օգտագործման համար ոստիկանության տարածքային ստորաբաժանումից ստանալ մարտական զենքի առանձին տեսակներ ոչ միայն օրենքով նախատեսված, այլ նաև կառավարության որոշմամբ նախատեսված պարտականությունների կատարման նպատակով:
Պատգամավորների՝ «օրենքով» բառը «օրենսդրությամբ» բառով փոխարինելու մասին առաջարկը ընդունվել է հեղինակի կողմից: Նախագիծը դրական եզրակացությամբ կներկայացվի ԱԺ հերթական նիստի քննարկմանը: Նիստին ներկա է եղել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: