14/11/2022 11:21
Մի շարք ուղղություններով լրացուցիչ անվտանգային միջոցառումների անհրաժեշտություն կա, առանց որի դժվար է լինելու զսպել ադրբեջանական լկտիություններն ու ագրեսիան. Տիգրան Աբրահամյան
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում 1 շաբաթվա ընթացքում 2 միջադեպ է գրանցվել՝ նույն ուղղությամբ, նույն հայտվածում: Երկու դեպքում էլ կրակ է արձակվել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ, վնաս պատճառվել: Դեպքերից մեկով մարմնական վնասվածք է ստացել նաև քաղաքացիական անձ:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ վերջին շրջանում Ասկերանի շրջանի մի քանի բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական կողմը տարբեր բնույթի սադրանքների է գնացել, որոնք ուղեկցվում են սպառնալիքով:
«Այդ սադրանքները հստակ ունեն համակարգված բնույթ, համենայն դեպս, այս 2 և դրանից բացի գրանցված միջադեպերի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք զուտ կարգապահական կամ ինքնագործունեությունից բխող գործողություններ չեն եղել: Կա հստակ ձեռագիր, կա պլանավորում, և ադրբեջանցիներն այդ գծի մեջ են գործում: Ճի՛շտ է, բոլոր միջադեպերի ժամանակ ռուս խաղաղապահների միջամտություն եղել է, իրադրությունը կայունացվել է, սակայն ադրբեջանցիների պահվածքը, խոսքը ցույց է տալիս, որ նրանց ակտիվության նվազումը շատ հարաբերական է», - նշել է Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ մի կողմից պետք է հասկանալ, որ հետպատերազմյա ժամանակահատվածի պայմանավորվածություններն ու ռազմաքաղաքական դասավորությունը հանգեցրել են նրան, որ նմանատիպ միջադեպեր անընդհատ լինելու են, և արցախցիները ստիպված են անընդհատ այդպիսի ռեժիմում ապրել ու աշխատել, մյուս կողմից՝ հեշտ է կողքից այդ իրավիճակում ապրողներին անընդհատ հիշեցնել, որ իրավիճակն այսպես է դասավորվել, պետք է դիմանալ կամ հարմարվել:
«Ամեն դեպքում, մի շարք ուղղություններով լրացուցիչ անվտանգային միջոցառումների անհրաժեշտություն կա, առանց որի դժվար է լինելու զսպել ադրբեջանական լկտիություններն ու ագրեսիան», - Facebook-ում գրել է նա։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17