14/11/2022 16:15
Շաքարային դիաբետը դատավճիռ չէ․ այն հնարավոր է կանխարգելել, եթե վարենք առողջ ապրելակերպ
Հայաստանում առողջության առաջնային պահպանման օղակում շաքարային դիաբետով պացիենտների բուժումը և լաբորատոր-գործիքային հետազոտություններն անվճար են բոլորի համար: Դիաբետի բուժման անհրաժեշտ դեղերը ևս ապահովում է պետությունը, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Առողջ սնունդը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, մարմնի քաշի վերահսկումը և չծխելը կարող են կրճատել դիաբետի առաջացման ռիսկը: Դեղորայքային հասանելիությունը, բուժման որակի ապահովումը, բժշկի և պացիենտի կողմից հիվանդության համատեղ վերահսկումը կբարելավեն վերջինիս կյանքի որակը և կնվազեցնեն բարդությունների առաջացման հավանականությունը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2021թ. տվյալների համաձայն՝ աշխարհում շաքարային դիաբետով պացիենտների թիվն ավելի քան 537 միլիոն է, ընդ որում 240-ը ապրում է առանց ախտորոշման։ 2021 թվականին Հայաստանում դիաբետ ունեն 109983 մարդ, կյանքում առաջին անգամ ախտորոշվածները` 10893, որոնցից 1-ին տիպի դիաբետով պացիենտների թիվը՝ 16242, իսկ 2-րդ տիպով՝ 93741, մահվան դեպքերը` 392: Շաքարային դիաբետի կանխարգելման, վաղ հայտնաբերման, բուժման բարելավման և դեղորայքային ապահովվածության նպատակով առողջապահության նախարարությունը լայնածավալ աշխատանք է կատարում:
Բնակչության ռիսկային՝ 35-68 տարիքային խմբերում իրականացվում է դիաբետի ախտորոշման սքրինինգային ծրագիր: Մեկնարկից ի վեր 947000 քաղաքացու կատարվել է արյան մեջ գլուկոզի մակարդակի որոշման հետազոտություն։ 2022 թվականից հետազոտությունը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներից: 10 ամսվա ընթացքում իրականացվել է 67813 գլուկոմետրիկ հետազոտություն:
Հաստատվել է «Շաքարային դիաբետի և դրա բարդությունների կանխարգելման ազգային ռազմավարությունը 2022-2026թթ.», որով սահմանվել են միջոցառումներ` միտված հիվանդության վաղ հայտնաբերմանը, կանխարգելմանը և դրա բարդությունների առաջացման կանխարգելմանը, դիաբետով քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը:
Դիաբետը դատավճիռ չէ․ այն հնարավոր է կանխարգելել, եթե վարենք առողջ ապրելակերպ: