15/11/2022 19:52
Ձմռանն ի հայտ եկող մաշկային խնդիրներ. Կանխարգելման եղանակներ մասնագետից
Ձմռան ամիսներին դեմքի, շրթունքների և ձեռքերի մաշկի խնամքը ավելի շատ ժամանակ է պահանջում. Ազդող գործոն են հանդիսանում ձյունը և ջերմաստիճանի փոփոխությունները: Մաշկի առողջությունն ու գեղեցկությունը պահպանելու համար պետք է իմանալ, թե տարվա ամենացուրտ եղանակին ինչ խնդիրների է այն ամենից հաճախ հանդիպում:
Այս մասին Aysor.am-ին պատմել է բժիշկ-մաշկաբան Արևիկ Ասլանյանը։
«Ձմռանը մաշկն առավել զգայուն է դառնում՝ այդպիսով պահանջելով առավել խորը սնուցում և մեծ ուշադրություն։ Տարրական կանոնների խախտման պարագայում կարող են առաջանալ այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են եղնջացանը, ալերգիան, կուպերոզը և այլն։
Սառը եղնջացանը մաշկի վրա դրսևորվում է բշտիկների կամ պարզ կարմիր բծերի տեսքով: Երբեմն ալերգիկ ռեակցիան ցրտին արտահայտվում է այտուցվածության կամ այրման զգացման տեսքով։ Մարմնի արձագանքը գրգռիչին կարող է առաջացնել շոշափելի անհանգստություն»,- ասաց մասնագետը:
Ցրտահարության, քամու նկատմամբ բացասական արձագանքի ռիսկը նվազեցնելու համար անհրաժեշտ է ամբողջ տարին ամրապնդել իմունիտետը և հնարավորության դեպքում խուսափել սթրեսից: Սթրեսի հետևանքով տուժում է նաև դեմքի մաշկը։ Սաստիկ կարմրությունն առաջանում է արյան շրջանառության խանգարումների, անոթների լայնացման պատճառով։ Ցուրտ եղանակին արյունատար անոթները նոսրանում են և նրանց վրա ծանրաբեռնվածությունը մեծանում է։
Մասնգետի խոսքով, մաշկային խնդիրներն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել հետևանքները։ Կանխարգելման համար առաջին հերթին անհրաժեշտ է ամրացնել արյունատար անոթները։ Դրանց առաձգականությունը բարձրացնելու համար պարբերաբար մաքրել դեմքը սառցաբեկորներով, ընդունել C, PP, K վիտամիններ, անցել զգայուն մաշկի համար նախատեսված կոսմետիկայի, աշխատել սահմանափակել կծու, թթու ուտելիքները, ալկոհոլը և կոֆեինը։
«Ձմեռային մաշկային խնդիրներն առավել ցայտուն են արտահայտվում հունվար ամսին, երբ վիտամինների պաշարները վաղուց սպառվել են, իսկ ցուրտը միայն ուժեղանում է։ Զգայուն և չոր մաշկը ամենացավոտ է հանդուրժում սառնամանիքները, մինչդեռ յուղոտ մաշկը ավելի հանգիստ է: Սեզոնային տատանումների պատճառով չոր մաշկը ավելի արագ է ծերանում, ուստի պետք է հատուկ ուշադրություն դարձնել դրանց խնամքին։ Մի՛ մոռացեք, որ ցածր ջերմաստիճանի պատճառով ճարպագեղձերի աշխատանքը դանդաղում է։ Այսպիսով, դեմքի յուղոտ մաշկը կարող է ժամանակավորապես դառնալ կոմբինացված և նույնիսկ նորմալ իր տեսակի մեջ»,- ասաց մաշկաբանը:
Ձմռան ամիսներին դեմքի մաշկը կարող է չորանալ նաև վիտամինների և թթվածնի պակասից։ Ցուրտ եղանակին շատերս փորձում ենք ավելի քիչ ժամանակ անցկացնել դրսում, երկար զբոսանքի փոխարեն ինքներս մեզ պաշտպանել տաք, հաճախ խեղդված սենյակներում։ Այս ամենի արդյունքում, մաշկը կորցնում է իր պայծառությունը և գեղեցիկ կարմրությունը: Էպիդերմիսի արյան շրջանառությունը վատանում է, ինչի պատճառով մաշկը դառնում է մոխրագույն և անկենդան։
Ճաքերը կանխելու համար անհրաժեշտ է ձմռանը ճիշտ խնամել մաշկը։ Կարևոր է հրաժարվել պարզ ջրով լվացվելուց, այլ դեմքը մաքրել կաթով, կոսմետիկ կրեմով։ Չոր մաշկի համար հարմար է ձիթապտղի յուղով մերսումը։
«Ձմռանը մաշկի ջրազրկումը սովորական խնդիր է, որին բախվում են շատ մարդիկ։ Հատկապես զգայուն և չոր մաշկ ունեցողների վրա ազդում է ինչպես փողոցի ցրտահարությունն ու քամին, այնպես էլ տանը, գրասենյակի, հասարակական տրանսպորտի չոր օդը: Առաջին ազդանշանը, որը ցույց է տալիս մաշկի ջրազրկումը, թեփոտումն է»,- ասաց նա:
Մաշկաբանի կարծիքով, չորությունից ազատվելու համար նախ պետք է հոգ տանել ձեռքերի մաշկի մաքրման, իսկ հետո միայն՝ դրանց սնուցման, խոնավեցման, պաշտպանության մասին։ Մաշկի մահացած մասնիկները շերտազատելու համար մաշկաբանը խորհուրդ է տալիս օգտագործել սկրաբներ և պիլինգներ՝ առնվազն շաբաթը մեկ անգամ: Անհրաժեշտ է օգտագործել դիմակներ, իսկ լվացվելուց հետո ձեռքերին անպայման քսել կակաոյի յուղ կամ վիտամին E պարունակող քսուքներ։
Մաշկաբան Արևիկ Ասլանյանն անդրադարձավ նաև շրթունքների խնամքի կարևորությանն ու ճաքերից խուսափելու մի քանի կարևոր կանոնի.
«Շրթունքների մաշկի ճաքճքումն առաջանում է նույն պատճառներով, ինչ դեմքի մաշկի ճաքճքումը։ Հիմնական տարբերությունն այն է, որ շուրթերի վրա չկան ճարպագեղձեր, որոնք կարող է պաշտպանել նուրբ ծածկույթները։ Շուրթերի մաշկը դառնում է կոպիտ նաև վիտամինների պակասի պատճառով։ Ճաքերի առկայության դեպքում մաշկը կարմրում է ու բորբոքվում, ի հայտ են գալիս չորություն և այլ տհաճ ախտանիշներ»։
Այսպիսով, ձմռանն ընդառաջ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել վիտամին D-ի աղբյուրներին: Այն թեև ուղղակիորեն չի ազդում մաշկի վիճակի վրա, սակայն անուղղակիորեն դրա պակասը հանգեցնում է իմունիտետի վատթարացմանը, նյարդային ազդանշանների արգելակմանն ու էնդոկրին համակարգի թուլացմանը:
Զրույցի վերջում մաշկաբանը կարևորեց համար առաջին ձմեռային կանոնը՝ առավոտյան մաշկի խնամքը պետք է լինի առավել սնուցող, իսկ երեկոյան՝ ինտենսիվ խոնավեցնող:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։