15/11/2022 17:40
Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը:
Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել ՀՀ-ԵՄ համագործակցության շարունակական զարգացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում մեր երկրում ժողովրդավարության զարգացման, արդարադատության, տնտեսության և այլ ուղղություններով իրականացվող բարեփոխումների փաստը և հավելել, որ դրանք առաջ մղելու օրակարգը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից մեկն է: Վարչապետը կարևորել է նաև ԵՄ-ի կողմից Հայաստանի համար հայտարարված 2.6 միլիարդ եվրոյի տնտեսական և ներդրումային փաթեթի արդյունավետ իրականացումը:
Կարևորվել է ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնումը տնտեսության, առևտրի, ներդրումների, էներգետիկայի և այլ ուղղություններով: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ մեր երկիրն Աշխարհի տնտեսական ազատության ինդեքսում 165 երկրների շարքում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:
Վարչապետը զրուցակիցներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումն ու դիտարկումները: Կարևորվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը և ընդգծվել վերջինիս դերը կայունության և անվտանգության ամրապնդման գործում:
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաև հայ-թուրքական երկխոսության շուրջ: