15/11/2022 10:24
«Հրապարակ». Ընդդիմությունը որոշել է վերադառնալ խորհրդարան
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմությունը որոշել է վերադառնալ խորհրդարան։ Այսօրվանից մեկնարկող ԱԺ նիստերին կմասնակցեն նաև ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները։ Մեզ հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց, որ անձամբ ինքն ուրախ է, որ ընդդիմությունը վերադառնում է:
Մեր դիտարկմանը, թե իրենց խմբակցությունը մեկ տարի շարունակ ծեծով-հայհոյանքով էր դիմավորում ընդդիմադիրներին, վերջում էլ ծափերով ճանապարհեց դահլիճից դուրս, արդյոք հիմա պատրաստվո՞ւմ է ծափերով դիմավորել նրանց, Աղազարյանն ասաց․ «Ընդամենը երկու անգամ է, եթե չեմ սխալվում, եղել միջադեպ, հետևաբար, դա ընդհանրացնել ամբողջ տարվա վրա՝ ճիշտ չի լինի, և ես որևէ առիթ բաց չեմ թողնելու` ասելու, կրկնելու, կարևորելու ընդդիմության դերը՝ որպես իշխանության մաս, ԱԺ աշխատանքների որակի բարձրացման իմաստով։ Դրա համար շատ ուրախ եմ, որ էդպիսի որոշում են կայացրել մեր ընդդիմադիր գործընկերները»։
Կրկնեցինք հարցը` իսկ հնարավո՞ր է, որ այդ ուրախությունն արտահայտեն նաև ծափերով, ինչպես ճանապարհել էին։ Աղազարյանն ասաց․ «Չէ, ես չեմ ծափահարի, որովհետև դա ավելորդություն է»»։