15/11/2022 17:09
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ ՀՀ գլխավոր դատախազը «Հայաստան» խմբակցությունից երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսի
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ ՀՀ գլխավոր դատախազը կգա Ազգային ժողով ու «Հայաստան» խմբակցությունից երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսի:
«Պաշտոնապես այդպիսի տեղեկություն չունեմ, մամուլում եմ տեսել գրածը, բայց չեմ բացառում»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը:
Նա նշեց, թե չի բացառում, որ շատ մարդիկ, ովքեր ժամանակին օրենքի հետ խնդիր են ունեցել ու կարծել են, որ պատգամավորական մանդատը կարող է իրենց ինչ-որ ձևով պաշտպանել, հիմա կհասկանան, որ այդպես չէ:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցը նստաշրջանի ավարտին տեղի ունենա, ԱԺ նախագահն ասաց, թե բացակայությունների հետ կապված խնդիրը հիմա չի քննարկվել, բայց այն պատգամավորները, որոնք կշարունակեն բացակայել, ճիշտ կլինի, որ լքեն ԱԺ-ն:
«Տեսնենք, այսօր առաջին օրն է, լավ է, որ վերադարձել են, ավելի լավ է, քան չլինելը, չնայած, մեծ սպասումներ չունեմ»,- նշեց Սիմոնյանը: