15/11/2022 15:10
Քաղաքացիները կգնահատեն մեր գործողությունները, որոնք սպասեցնել չեն տա. Հայկ Մամիջանյան
Փողոցային պայքարը և խորհրդարանական աշխատանքն իրար բացառող գործընթացներ չեն, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Մենք դա ասել ենք արտահերթ ընտրություններից հետո մանդատը վերցնելիս, շարունակում ենք մնալ նույն կարծիքին։ Մենք թույլ չենք տա, որպեսզի հակահայկական այս կամ այն զարգացումները կանխելու, իրացնելու գործիքներ չունենանք, ուստի խորհրդարանական ընդդիմությունը, մասնավորապես, «Պատիվ ունեմ» խմբակցությունը երբևէ չի էլ դադարեցրել խորհրդարանական աշխատանքը», - նշեց նա։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի խոսքով՝ իրենց գործելաոճում էական փոփոխություն տեղի չի ունեցել. ընդամենը լիագումար նիստերի դահլիճ են վերադարձել:
«Վստահ եմ, որ ռադիկալ ընդդիմություն լինելն ասելով չի, ուստի ես ինչքան էլ ասեմ, որ մենք շարունակում ենք մնալ ռադիկալ ընդդիմություն, վստահ եմ, որ մեր քաղաքացիները կգնահատեն մեր գործողությունները, որոնք սպասեցնել չեն տա», - հավելեց Հայկ Մամիջանյանը։