16/11/2022 19:00
Արդյո՞ք Քովիդ 19-ը խոչընդոտում է վերքերի ուշ ապաքինմանն ու սպիացմանը. Մանրամասնում է մաշկաբան Աննա Պապինովնան
Քովիդ 19 համավարակը, ի թիվս հիվանդների մոտ հանդիպող մի շարք այլ հետևանքների, ինչպիսիք են մազաթափությունը, շնչելու դժվարությունները, համի և հոտի ժամանակավոր կորուստը և այլն, բացասական ազդեցություն ունեցավ նաև մաշկային խնդիրների առումով։
Շատերը դա համարելով Քովիդի հերթական հետևանքը, դժգոհում էին, որ նույնիսկ փոքր քերծվածքների և վերքերի դեպքում, ապաքինման և սպիացման համար երկար ժամանակ է պահանջվում։
Խնդրի շուրջ Aysor.am-ը խոսել է բժիշկ-մաշկաբան Աննա Պապինովնայի հետ՝ պարզելու մաշկային խնդիրների խանխարգելման և առաջացած վերքերի ապաքինման մանրամասները։
Մաշկաբանը նշեց, որ ցանկացած վնասվածք անցնում է չորս փուլ՝ արյունահոսության կանգ, բորբոքում՝ վարակների դիմակայությամբ, նոր բջիջների առաջացում և մաշկի վերականգնում։ Այս փուլերից թեկուզ մեկի խախտումը բերում է վերքերի ուշ լավացման։
Դրա վրա կարող են ազդել թե՛ արտաքին, և թե՛ ներքին մի շարք գործոններ.
Ծերունական հասակ. 65 տարեկանից բարձր այն անձինք , ովքեր ունեն տարբեր քրոնիկ հիվանդություններ, ռիսկի գոտում են գտնվում, քանի որ տարիքի հետ բորբոքման ակտիվությունը նվազում է, դանդաղում է էպիթելիզացիան և կոլագենի սինթեզը։
Սթրես. Սթրեսի ժամանակ օրգանիզմի իմուն պատասխանը ճնշվում է և բուժման փուլը դանդաղում։
Շաքարային դիաբետ. Այս հիվանդության ժամանակ օրգանիզմի բոլոր մեխանիզմները խախտվում են ՝ պայմանավորված անոթային համակարգի խախտմամբ։ Արյունատար անոթների վնասման դեպքում նրանք ստանում են ավելի քիչ թթվածին, ագենտների առաջացումը նվազում է և էպիթելիզացիան նույնպես ուշանում է։
Մի շարք այլ գործոններ ևս կան՝ սեռը, դեղորայքը, ծխելը, վիտամինային անբավարարությունը և այլն։
«Քովիդ 19-ը օրգանիզմի վրա ունի համակարգայի ազդեցություն, հետևաբար այն կարող է ազդել ցանկացած օղակի վրա՝ արյան մակարդելիության բարձրացում, իմուն համակրագում փոփոխություններ, նյարդային լարվածության բարձրացում։ Վերջինիս ֆոնի վրա կարող է առաջանալ փսիխոզ՝ հանգեցնելով պաթումիմիայի, մաշկի վրա տարբեր քերծվածքների և միկրոտրավմաների»,- ասաց մաշկաբանը։
Աննա Պապինովնայի խոսքով, հիվանդության կանխարգելվան միակ ամենաարդյունավետ տարբերակը չվարակվելն է, հակառակ դեպքում, խնդրի կարգավորման համար հիվանդը պետք է ընդունի դեղորայքներ՝ հակամակարդիչներ, լինի հոգեբանորեն կայուն վիճակում, հասկանա, որ վախը, տագնապը պայմանավորված են հիվանդությամբ և փորձի վերահսկել նյարդային լարվածությունը։
Բժիշկ-մաշկաբանը խոսեց նաև այն մասին, թե մաշկային ինչ խնդրով են հիմնականում մոտենում հիվանդները և ինչի հետ է կապված խնդրի առաջացումը:
«Մաշկային խնդիրների, հիվանդությունների մեծ մասը խրոնիկ է, իսկ մյուս մասն էլ ունի սեզոնայնություն, ուստի վերջին շրջանում ավելի շատ այցելում են փսորիազով հիվանդները։ Այն հիմականում ակտիվանում է ավելի ցուրտ եղանակին՝ ձմռանը։ Հաճախ են այցելում էկզեմաներով հիվանդները, կորյակային հիվանդությամբ պացիենտները, քանի որ մեր գենետիկայով և նախատրամադրվածությամբ պայմանավորված, հիվանդների շրջանում այն ավելի ակտիվ դրսևորում ունի»,- ասաց բժիշկը։
Այն հարցին, թե մաշկային խնդիրների առումով ՀՀ-ն տարածաշրջանում ո՞ր տեղում է գտնվում, բժիշկը պատասխանեց, որ դեռևս չկան վիճակագրական հստակ տվյալներ, բայց քանի որ մեր հարևան երկրների, տարածաշրջանի կլիմայական պայմանները, խոհանոցը, ապրելակերպը գրեթե նույնն են կամ շատ նման, այդ իսկ պատճառով չկան էական տարբերություններ։ Աննա Պապինովնան մաշկային խնդիրներից առանձնացրեց միայն ակնեն, որը պայմանավորված է գենետիկ նախատրամադրվածությամբ. «Մեր տարածաշրջանում ապրող մարդկանց ճարպագեղձերի գերակտիվությունը դրսևորվում է կորյակային հիվանդությունների տեսքով, ինչը, օրինակ, բացակայում է սլավոնական ազգերի մոտ»։
Մասնագետը հավելեց նաև, որ որոշակի վիճակագրություն կա փսորիազի հետ կապված, ըստ որի՝ որքան երկիրը մոտ է հասարակածին, այնքան ավելի քիչ են հանդիպում փսորիատիկ հիվանդությունները, իսկ որքան հասարակածից հեռու է, այնքան ավելի է սրվում խնդիրը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։