16/11/2022 20:07
Հոգեբանին այցելելը ամոթ չէ. Հայ հասարակության վախերի և մասնագիտական ծառայությունների առանձնահատկությունների մասին
Հոգեբանի ծառայություններից օգտվելը հայ հասարակության մի ստվար զանգվածի մոտ, կարծես թե, դեռևս տաբու է։ Մարդիկ վախենու՞մ են, թե՞ չեն վստահում մասնագետին. Թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է ընտանեկան հոգեբան Անուշ Իգնաթյանի հետ.
«Հանուն արդարության, պետք է նշեմ, որ ի տարբերություն նախորդ սերնդի և տարիներ առաջ կարծրացած իրականության, այսօր շատերը բաց են հոգեբանների հետ հարաբերվելու և այցերի միջոցով իրենք իրենց օգնելու հարցում։ Իհարկե, վախեր կան, սակայն առաջին այցից հետո նրանք ավելի հանգիստ վարք են ցուցաբերում և վստահության ալիք է տիրում»,- ասաց հոգեբանը։
Անուշ Իգնաթյանի խոսքով, երկու կողմերի միջև փոխվստահության մթնոլորտի ապահովումը առաջին հերթին գալիս է պրոֆեսիոնալ մասնագետի ջանքերից և մոտեցումից։
Այժմ հասկանանք, թե ի՞նչ կարող է տալ մարդուն հոգեբանի հետ աշխատանքն ու շփումը
«Հոգեբանի օգնությունը թույլ է տալիս զգալի թեթևացում ստանալ առաջին խորհրդակցությունից հետո։ Ինձ մոտ եկողներից շատերը նկատում է իրենց ներքին վիճակի բարելավում և դժվարությունները լուծելու ուժ: Պետք է ունենալ առանձնահատուկ մոտեցումը, որը կլինի արդյունավետ և կօգնի հասնել խնդրի արմատներին: Արագ արդյունքի կարելի է հասնել միայն հուզական վիճակի կարգավորման և որակական փոփոխությունների շնորհիվ։ Համաձայնեք, երբ հանգիստ ու հավասարակշռված վիճակում ենք, ցանկացած իրավիճակից ելք ենք գտնում»,- ասաց մասնագետը։
Ինչու՞ պետք է գնալ ընտանեկան հոգեբանի մոտ
հասկանալու ամուսնական հարաբերությունների, երեխայի հետ հարաբերությունների դժվարությունների հիմքում ընկած պատճառները,
սովորելու գտնել ռեսուրսներ ցանկացած դժվարություն լուծելու համար,
տեսելու ձեր մեջ ուրախության և երջանկության աղբյուրը,
հասկանալու, որ ընտանեկան կյանքը կարող է դառնալ երջանիկ և ներդաշնակ,
տեսնելու ձեր ներաշխարհը և զգալու, թե որքան գեղեցիկ է այն։
Հոգեբանն անդրադարձավ նաև այն հարցերին, որոնք առաջին հանդիպման ժամանակ հաճախ են տրվում հաճախորդների կողմից։
Քանի՞ հանդիպում է պետք իմ հարցը լուծելու համար
Երբեմն մեկ հանդիպումը բավական է իրավիճակի ընդհանուր պարզաբանման և հուզական վիճակի առաջնային նշանները ստանալու համար։ Այնուամենայնիվ, խնդիրների պատճառները հաճախ շատ ավելի խորն են, քան թվում է և վերացվում են երկարատև հանդիպումներից հետո: Միջինում 15-20 հանդիպումը բավական է խնդրի հաղթահարման, թարմացած, եռանդուն ու երջանիկ լինելու համար։
Ինչպե՞ս է ընթանում հանդիպումը և ինչի՞ մասին է պետք խոսել
Հոգեբանների մոտ այցելության ժամանակահատվածը կախված է տվյալ հոգեբանի մոտեցումից. Միջինում այն տևում է 60 րոպե։
Չկա հստակ կանոն, թե ինչ կարելի է ասել հոգեբանին: Անհրաժեշտության դեպքում հոգեբանը տալիս է հետաքրքրող հարցեր՝ պարզաբանման համար, օգնում է հասկանալ, թե հաճախորդը ինչպիսի արդյունք է ակնկալում հանդիպումներից:
Եթե որոշել եմ գնալ հոգեբանի մոտ, արդյո՞ք ինձ հետ ամեն ինչ կարգին է
Բացարձակապես առողջ մարդիկ, ովքեր ներկայումս խճճված են դժվարությունների մեջ և հետևաբար չեն կարողանում հասկանալ՝ ինչպես վարվել տվյալ իրավիճակում, դիմում են հոգեբանին։ Հոգեբանը ըմբռնման, աջակցության, հատուկ տեխնիկայի շնորհիվ օգնում է հասկանալ պատճառները և ելք գտնել իրավիճակից։ Այս առումով հաճախորդի կյանքի որակը զգալիորեն բարելավվում է: Այդ պատճառով պետք չէ խուսափել հոգեբանի ծառայություններից, պետք չէ մտածել, թե առանձնանում եք հասարակությունից, կամ ունեք առողջական լուրջ խնդիրներ։
Զրույցի վերջում հոգեբան Իգնաթյանը խորհուրդ տվեց չանտեսել հոգեկան առողջությունը. «Այն նույնքան կարևոր է և ուշադրության արժանի՝ որքան ֆիզիկական առողջությունը»,- հավելեց մասնագետը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։