16/11/2022 11:58
Նոյեմբերի 16-ին Ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը կդառնար 26 տարեկան
Պատմում է գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Նվեր Ներսիսյանը.
- Որպես շարքային զինվոր Ռոբերտը միայն լավ բնավորությամբ է աչքի ընկել, կազմակերպական որակներն անգնահատելի էին։ Կարճ ժամանակում արժանացավ գումարտակի հրամանատարության վստահությանը։ Կապիտան Արմենակ Ուրֆանյանն առաջարկում էր Ռոբերտին նշանակել ջոկի հրամանատար, ես ասում էի՝ դեռ շուտ է, թող եփվի ծառայության մեջ, բայց միշտ էլ վստահ եմ եղել, որ պատրաստ է։ Շուտով Աբաջյանը նշանակվեց ջոկի հրամանատար, ղեկավարում էր գրագետ, առանց բացթողումների, որոշ ժամանակ անց դարձավ դասակի հրամանատարի տեղակալ։
Մենք մշտապես պատրաստ ենք եղել և սպասել ենք դիվերսիոն խմբերի ներթափանցման։ Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, երբ զեկուցեցին, որ իրավիճակը խիստ լարված է, վարորդիս՝ Ամուրի հետ գնացինք դիվերսանտ բռնելու։ Գրադների անձրևից հասկացանք, որ պատերազմ է, գրադով դիվերսիա չեն անում. շատ արագ մարտավարություն ենք փոխել։ Իմ գումարտակի պաշտպանության շրջանում ռազմամթերքի կարկուտ էր, բայց նախահարձակ թշնամին ոչ մի առաջադրանք չկարողացավ իրագործել։ Սեկունդ չի քաշել, որ տղերքը հրաման կատարեն, մի վայրկյան չեն հապաղել։
Վերջին անգամ ես եմ Ռոբերտի հետ խոսել, նախավերջինը Ռոբերտը կապի դասակի զինվորի՝ Համոյի հետ է խոսել, հարցրել է՝ ի՞նչ կա, Համոն ասել է՝ համբերիր, գումարտակի հրամանատարը հասնում է։ Ես զանգում եմ Ռոբերտին, ասում է՝ հակառակորդն ինձ նկատել է, մոտենում է։ Ռոբերտին հրահանգում եմ թաքստոցում մնալ, մինչև հասնեմ։ Ռոբերտը թե՝ չէ՛, պարոն փոխգնդապետ, մնացել է հինգ րոպե, որ մոտենան ինձ, հենց հասնեն, կպայթեցնեմ ինձ էլ, իրենց էլ։
Ռոբերտը վիրավոր Անդրանիկ Զոհրաբյանին վերցնում գալիս է արթուն հերթափոխի խրամաբջիջ, րոպեներ հետո ինձ զեկուցում է՝ Անդրանիկը զոհվել է։ Շուտով հակառակորդը նկատում է Ռոբերտին, Աբաջյանն ինձ հեռախոսով վերջին անգամ ասում է՝ պայթեցնում եմ ինձ ու անջատում։ Երբ օրեր անց վերադարձրինք մարմինը, հեռախոսը դեռ գրպանում էր՝ նռնակի բեկորներով։
Իր տեսակի մարդը հենց դա պիտի աներ. ուժեղ մարդիկ էդ ճանապարհն են ընտրում, զինվորականներս հարգում ենք իր որոշումը։ Ռոբերտը լուրջ, շնորհքով, դաստիարակված, ինքնասիրություն ունեցող մարդ էր։ Ռոբերտ Աբաջյանն առաջինն էր, որ կրտսեր սերժանտ լինելով արժանացավ «Արցախի հերոս» բարձրագույն կոչման։
Ներկայացվեց Լիլիթ Հարությունյանի՝ «Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյան» գրքից հատված։ Գիրքը հասանելի է երևանյան բոլոր գրախանութներում։