16/11/2022 15:28
2023 թվականի պետական բյուջեն հիմնված է չորս առաջնահերթությունների վրա. ՀՀ փոխվարչապետ
Հայաստանի հաջորդ տարվա պետական բյուջեն հիմնված է չորս առաջնահերթությունների վրա, ԱԺ-ում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«2023 թվականի պետական բյուջեն հիմնված է հետևյալ 4 առաջնահերթությունների վրա՝ անվտանգային համակարգ, ենթակառուցվածքներ, սոցիալական աջակցության համակարգ, կրթության և գիտության արդիականացում», - նշեց Գրիգորյանը:
Փոխվարչապետի խոսքով` միջազգային զարգացման գործընկերների հետ տարվող աշխատանքները՝ կնքված կամ կնքման փուլում գտնվող համակարգային ծրագրերը, առանցքային բարեփոխումներն ուղղակի ազդեցություն կունենան բյուջետային գործընթացների, 2023 թվականի պետբյուջեի կատարման վրա:
«Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բարեփոխումների օրակարգը զարգացնելու, 2019 թվականին մեկնարկած եռամյա պահուստային ծրագիր կոչվող համագործակցության շարունակությունն ապահովելու նպատակով ԱՄՀ գործընկերների հետ մշակել և առաջիկա օրերին կհաստատենք եռամյա նոր «Սթենդ բայ» ծրագիրը», - ասաց նա:
Ծրագիրը միտված է լինելու բարելավել մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ֆինանսական կայունությունը, հարկային վարչարարությունը, հանրային ֆինանսների կառավարումը, ֆիսկալ ռիսկերի կառավարումը, ենթակառուցվածքները, բիզնես միջավայրը, զբաղվածության խթանման կարգավորումները:
Ծրագրի շրջանակում, ՀՀ փոխվարչապետի խոսքով, առանձնակի կարևորվում է եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրումը և անկանխիկ վճարումներով գործարքների շարունակական խթանումը: