17/11/2022 12:09
Հայաստանի սահմանագծի տարբեր ուղղություններով, թեև դանդաղ, բայց որոշակի լարվածության աճի դինամիկա է դրսևորվում. կան որոշակի տեղաշարժեր. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը պնդում է՝ Արցախի հետ կապված գործընթացում գլխավորը ինքնորոշման իրավունքի հետ կապված սկզբունքն է։
Սա, սակայն, ըստ նրա, որևէ ձևով բանակցությունների գործընթացում չի շոշափվում։
«Սա այն պարագայում, երբ տարիներ շարունակ դա ընդունված է եղել ոչ միայն փաստաթուղթ, այլ նաև ընդունված է եղել Ադրբեջանի կողմից», - ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց Աբրահամյանը։
Պատգամավորն ասաց, թե տարբերակը, որ Արցախի հարցը թողնվում է սերունդներին, պետք է հասկանալ՝ եթե գործընթացը մնում է, արդյո՞ք դա թույլ է տալիս անվտանգություն ապահովել տարածաշրջանում։
«Դա չի ստացվելու, որովհետև այսօր իրավիճակը դա է ցույց տալիս», - նշեց նա։
Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Ադրբեջանն իր դիրքորոշումն արտահայտում է սահմանագծում ու դա տեղի է ունենում ոչ միայն Հայաստանի հետ առաջնագծի տաբեր ուղղություններով, այլ նաև Արցախում։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարն ասաց, թե Հայաստանի սահմանագծի տարբեր ուղղություններով, թեև դանդաղ, բայց որոշակի լարվածության աճի դինամիկա է դրսևորովում. կան տեղային առումով որոշակի շարժեր, որոնց վերջնանպատակն այս պահին դժվար է ասել։
«Այն, որ վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում առաջնագծի տարբեր ուղղություններով ադրբեջանական կողմը գծագրված ու հստակ նախատեսված սադրանքներ է հրահրում, դա ակնհայտ է։ Ադրբեջանը տարբեր նպատակներ ունենալով՝ իրավիճակն առաջնագծում աստիճանաբար տաքացնում է», - նշեց նա։
Աբրահամյանն ասաց, թե տեղաշարժը հիմնականում այն հատվածներում է, որտեղ սեպտեմբերին Ադրբեջանն ագրեսիա կիրառեց. ամբողջ ճակատով չէ, տեղային մեկ-երկու ուղղությամբ է։