17/11/2022 11:50
ՀՀ զինված ուժերում ատեստավորման հետ կապված նախագիծն ունի բազմաթիվ ռիսկեր. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը կարծում է, թե ՀՀ զինված ուժերում ատեստավորման հետ կապված նախագիծն ունի բազմաթիվ ռիսկեր։
«Առաջին հերթին, սրանցից մեկն այն է, որ նախագծում սահմանված չէ կառավարության այն որոշումը, որը կարգավորում է ատեստավորման գործընթաց՝ ինչ չափորոշիչների հիման վրա է կատարվելու, ինչ սկզբունքներով է իրականացվելու։ Սա ինչով է կարևոր. այս գործընթացի ցանկացած խափանում Զինված ուժերում բերելու է շատ ավելի ծանր վիճակի, քան այսօր ունենք», - ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ըստ նրա՝ նույնիսկ ամենաարդարացի մեխանիզմների ներդրման պարագայում էլ խրախուսման համակարգը պետք է դրվի այն ժամանակ, երբ բազային աշխատավարձը հասցված է համապատասխան մակարդակի, ու մարտական հերթապահության համար նախատեսված հավելավճարներն ունեն համապատասխան վիճակ, այսինքն՝ չկան այնպիսի ցածր թվեր, որոնք այսօր կան։
Ինչ վերաբերում է «Պաշտպան հայրենյաց» նախագծին՝ Աբրահամյանն ասաց, թե որոշակի խնդիրներ կան այդտեղ, ու ծրագրի արդյունավետությունը, մեծ առումով, կախված է նրանից, թե իրականության մեջ ինչքանով է պետությունը տվյալ իրավիճակում թիկունք զինծառայողին։
«Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ միջավայր է ստեղծված Զինված ուժերի ներսում՝ սկսած բարոյահոգեբանական վիճակից, կարգապահական խնդիրներից, և այլն։ Այս պահին ԶՈՒ-ում ստեղծված իրավիճակի առումով բազմաթիվ խնդիրներ եմ տեսնում, բայց, որպես պայմանագրային զինծառայությանը աջակցող ծրագիր, կողմ ենք քվեարկել նախագծին. սա համարում ենք շանս բոլոր այն երիտասարդների համար, ովքեր ցանկութուն կունենան վեց ամիս հետո ընտրել պայմանագրային զինծառայությունը», - ընդգծեց Աբրահամյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարն ասաց, թե ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակ խոսում է պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին, բայց մոտեցումը, որ ցուցաբերում են, որևէ ձևով չի արտահայտում դա։
«Մասնավորապես, ասվում էր, թե զինծառայողը երեկոյան ժամերին կարող է աշխատանքից վերադառնալ տուն, խնդիրը հենց այստեղ է սկսում, երբ զինվորական ծառայությունը որպես աշխատանք է գնահատվում։ Երբ դու ԶՈՒ-ում ծառայությունը որպես աշխատանք ես դիտարկում, դու այդ պայմաններում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու որևէ շանս պարզապես չունես», - հավելեց Տիգրան Աբրահամյանը։