17/11/2022 09:31
«Հրապարակ». Ինչո՞ւ հանձնաժողովը հաճախակի նիստեր չի անում և կարծես պարապուրդի է մատնվել
«Հրապարակ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի անդամ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը մեր լրագրողին բացատրել է, թե ինչու է հանձնաժողովն ուշացնում բարձրաստիճան պաշտոնյաներին, այսպես կոչված՝ ենթադրյալ մեղավորներին «հարցաքննության» հրավիրելը։
«Չենք հրավիրում հարցաքննության, որովհետև դեռևս ուսումնասիրությունների փուլն է։ Պաշտպանության նախարարությունից այնպիսի ծավալով փաստաթղթեր ենք ստացել՝ 10 հազարից ավելի ուսումնասիրության ենթակա, բացի այդ՝ օբյեկտիվ պատճառներ էլ են ի հայտ գալիս, ռազմական վերջին գործողությունները մեզ պարտադրում են, որ հանձնաժողովն այլ ուղղությամբ աշխատանքները տանի»,- ասել է Խաչատրյանը։ Սակայն տարօրինակ է՝ եթե այդքան նյութեր կան ուսումնասիրելու, և պատճառը քաղաքական չէ, ինչո՞ւ հանձնաժողովը հաճախակի նիստեր չի անում և կարծես պարապուրդի է մատնվել։
Խաչատրյանը չի համաձայնել դիտարկմանը, բայց իր պատասխանով, ըստ էության, հաստատել է․ «Եթե չեմ սխալվում, 2 շաբաթ առաջ ենք նիստ արել, պարապուրդի մասին խոսք չկա, պարբերաբար անում ենք նիստեր»։ Թե երբ կավարտվի ուսումնասիրության փուլը, պատգամավորը դժվարացել է ասել, բայց հույս է հայտնել, որ հանձնաժողովի աշխատանքի ժամկետը մեկ անգամ ևս երկարացնելու կարիք չի լինի։ Հիշեցնենք, որ հանձնաժողովը ձևավորվել էր ապրիլին, սեպտեմբերին 6 ամսով երկարաձգվել է ժամկետը, իսկ Կանոնակարգ օրենքը թույլ է տալիս ևս մեկ ժամկետով երկարացնել»։