17/11/2022 10:08
«Ժողովուրդ». Սամվել Բաբայանի կուսակցության կողմից որևէ արձագանք չկա քննիչ հանձնաժողով ձևավորելու հարցում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Գալստյանն իր կողմից առաջարկած հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության, ինչպես նաև՝ Սամվել Բաբայանի կուսակցության` քննիչ հանձնաժողով ձևավորելու նախաձեռնության հարցը սեպտեմբերին քննարկելու վերաբերյալ հայտարարության մասին վերջերս՝ մոտ 20 օր առաջ, Արցախի ԱԺ-ում էր հնչեցրել:
Նրա հայտարարությունից հետո սակայն առ այսօր Բաբայանի կուսակցության կողմից որևէ արձագանք դարձյալ չկա՝ ի վերջո քաղաքական կամք դրսևորելո՞ւ են միանալու այդ նախաձեռնությանը, թե՞ ոչ:
Ու թեև Բաբայանն ու կուսակիցները հերքում են, թե նա Արցախի ներդրումների հիմնադրամից գումար չի ստացել, այնուամենայնիվ, Արցախի քաղաքական շրջանակները շարունակում են պնդել, թե «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդն այդ գումարը՝ 100 մլն դրամը, միջնորդավորված է ստացել:
Թեև մեզ որևէ կերպ չի հաջողվում կապ հաստատել Բաբայանի հետ ու այս՝ թնջուկի նմանված պատմության հարցերն անձամբ իրեն ուղղել, բայց Ստեփանակերտից պնդում են նաև, թե վերոնշյալ հանձնաժողովը չի ձևավորվում հենց այդ՝ 100 մլն դրամի պատճառով: Այսինքն՝ պետությունը առանց տոկոսի 100 մլն դրամ է տվել Բաբայանին, որպեսզի նրա կուսակցությունից և որևէ մեկը հանկարծուհանկարծ չմիանա ընդդիմադիր պատգամավորի նախաձեռնությանը, ու այդ հանձնաժողովն այդպես էլ չձևավորվի»։