18/11/2022 16:10
«Եթե միջազգային հանրությունն Ադրբեջանում տիրող իրավիճակը շտկելու մեխանիզմներ չի գործադրում, ինչպե՞ս է պաշտպանելու արցախահայության իրավունքները»․ Արմեն Աշոտյանը փաստաթղթեր է հրապարակել
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը սոցցանցի իր էջում փաստաթղթեր է հրապարակել՝ վկայող Ալիևի ռեժիմի բռնատիրական դրսևորումների մասին և ընդգծել՝ Փաշինյանի պնդումները, թե Ադրբեջանը պետք է երաշխավորի արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը, մեր հասարակությանը մոլորեցնելու փորձեր են։
«Երբ կլինիկական անբարոյականը եւ իր ոհմակը բարձրաձայնում են մի թեզ, ըստ որի Ադրբեջանը պիտի երաշխավորի արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը, նրանք բոլորիս հերթական անգամ դնում են հիմարի տեղ։
Հայտնի է, որ թե՛ միջազգային բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպությունների գնահատականներով, թե՛ ԱՄՆ Պետդեպի զեկույցներով, թե՛ ԵՄ փաստաթղթերով Ադրբեջանը համարվում է Եվրոպայի խորհրդի ամենաավտորիտար, ամենահակաժողովրդավարական պետություններից մեկը։
Ադրբեջանի քաղաքացիների տարրական քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների խախտումների, խոշտանգումների, քաղաքական ձերբակալիւթյունների եւ սպանությունների, բռնատիրական ռեժիմին բնորոշ այլ վայրագությունների տասնյակ, հարյուրավոր դեպքեր են արձանագրվում ամեն տարի:
Հիմա հարցերս.
1. Եթե Ալիեւը չի երաշխավորում ու պաշտպանում Բաքվում ապրող իր հայրենակիցների իրավունքները, Ստեփանակերտում ապրող հայերի իրավունքները ո՞նց է երաշխավորելու։
2. Եթե միջազգային հանրությունը շատ լավ գիտի Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին ու այն շտկելու գործուն քայլեր ու մեխանիզմներ չի գործադրում, ինչպե՞ս է պաշտպանելու արցախահայության իրավունքները։
Կցում եմ ասածս ապացուցող տասնյակ զեկույցներից եւ փաստաթղթերից ընդամենը մի քանիսի սքրինշոթերը։
Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության երկարաժամկետ ապահովման միակ տարբերակը ինքնորոշման իրավունքի երաշխավորումն է, ճանաչումը եւ ապահովումը։
Մնացածը հիմարների համար նախատեսված նիկոլական տեղեկատվական լափ է»,- սոցցանցի իր էջում գրել է Արմեն Աշոտյանը։