18/11/2022 14:48
44-օրյա պատերազմում Ջալալ Հարությունյանն իր պարտականությունները կատարել է փայլուն. նրա ողջ մնալը հրաշք է. Փաստաբան
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը վստահեցնում է՝ իր պաշտպանյալը 44-օրյա պատերազմի ժամանակ պարտականությունները կատարել է փայլուն։
«Պատահական չի եղել, որ հակառակորդը հենց սկզբից իրեն է թիրախավորել, միայն հրաշքով է փրկվել, Ջալալ Հարությունյանի կենդանի մնալը հրաշք է ու դա, կարծում եմ, ոչ մեկ չի կարող հերքել», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սարդարյանը։
Ըստ նրա՝ Ջալալ Հարությունյանին մեղադրանք առաջադրելու գործողությունը վախեցնում է այն զինվորին, այն հրամանատարին, որն ուզում է իր կյանքը կապել բանակի հետ։
«Ինքը գիտի, որ մի օր մի տեղ հաջողություն չլինի ու ինքն այդտեղ լինի հրամանատար, ասելու են՝ դու ես մեղավոր։ Այս սկզբունքը վտանգավոր է», - ընդգծեց փաստաբան Սարդարյանը։
Նշենք, որ այսօր փաստաբան Արսեն Սարդարյանը մանրամասներ է հաղորդել ՊԲ նախկին հրամանատարին առաջադրված մեղադրանքից։
Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը երկու դրվագից է բաղկացած։ Առաջին դրվագը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված հակահարձակման օպերացիային, երկրորդը՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին դիվիզիոներից մեկում տեղի ունեցած հակառակորդի հարձակման հետևանքով կորուստներին։