18/11/2022 10:20
Հայաստանի գլխավոր խնդիրն անվտանգությունն է. պետք է լուրջ գումարներ ուղղել Զինված ուժերին. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ հասարակության ներսում առկա է կոնսենսուս առ այն, որ Հայաստանի գլխավոր խնդիրն անվտանգությունն է։
«Զինված ուժերում ատեստավորման գործընթաց սկսելու և դրա հիմքով հավելավճարներ տրամադրելու վերաբերյալ տարբեր առիթներով խոսել եմ։ Այս պրոցեսի հետ կապված մի քանի դիտարկումներ ևս։
Ատեստավորման կարգը սահմանելու է կառավարությունը, սակայն դեռ պարզ չի, թե ըստ մասնագիտությունների, ծառայության առանձնահատկությունների որքանով դրա անցկացումը կհամապատասխանի «հողի վրա» ծառայության առաջնահերթությունների և, որքանով արդարացի պահանջներ կսահմանի զինծառայողների համար։
Շատ մեծ խնդիր է լինելու գործընթացի նկատմամբ վերահսկողությունը, որովհետև արդարության, կոռուպցիոն ցանկացած ռիսկ կարող է Զինված ուժերին շատ ավելի մեծ վնաս, բարոյալքման հանգեցնել, քան այսօր դիտվում է։
Դեռ չեմ խոսում այն մասին, որ ատեստավորման գործընթացը սխալ հիմքի վրա դնելը և անհրաժեշտ մեխանիզմների չապահովումը Զինված ուժերից զանգվածային ազատումների է բերելու», - Facebook-ի իր էջում գրել է Աբրահամյանը։
Պատգամավորը մեկ այլ շատ կարևոր հանգամանքի մասին է խոսել։
«Զինված ուժերում չփորձարկված խրախուսման համակարգ ներդնելուց առաջ անհրաժեշտ էր զինծառայողների բազային աշխատավարձն ու մարտական հերթապահության համար նախատեսված հավելավճարն էականորեն բարձրացնել։
Հակառակ դեպքում, եթե նույնիսկ Զինված ուժերի անձնակազմի 60-70%-ն էլ կարողանա հաղթահարել ատեստավորումը, ապա Զինված ուժերի առաջ դրվող խնդիրների առումով լուրջ խնդիրներ են առաջ գալու։
Կարծում եմ, որ հասարակության ներսում էլ առկա է կոնսենսուս առ այն, որ մեր գլխավոր խնդիրն անվտանգությունն է, ինչը նշանակում է, որ ըստ անհրաժեշտության, պետք է նույնիսկ կրճատել այլ ոլորտներում, ուղղություններում նախատեսված հավելյալ հատկացումները, պարգևավճարները և լուրջ գումարներ ուղղել Զինված ուժերին՝ սոցիալականից մինչև առաջնագիծ, սպառազինության ձեռքբերում», - նշել է ընդդիմադիր պատգամավորը։