18/11/2022 15:00
Արցախի նախագահը մասնակցել է ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաների համար կազմակերպված «Հանրային առաջնորդության» դասընթացի բացման արարողությանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 18-ին մասնակցել է «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի կողմից ԱՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների համար կազմակերպված «Հանրային առաջնորդության» դասընթացի բացման արարողությանը:
Երկրի ղեկավարը ողջույնի իր խոսքում նշել է, որ օրակարգում ընդգրկված թեմաները հրատապ են ու արդիական մեր պետության համար:
«Այսօր մենք առերեսվում ենք լրջագույն մարտահրավերների՝ պայմանավորված աշխարհաքաղաքական բարդ ու դժվարին պայմաններով, ինչից փորձում են օգտվել մեր հարևանները՝ մեզ կանգնեցնելով նոր սպառնալիքների, անվտանգային, հումանիտար, սոցիալ-տնտեսական տարաբնույթ խնդիրների առջև:
Եվ այդ մարտահրավերներին հաջողությամբ դիմագրավելու, առկա խնդիրներն արդյունավետորեն լուծելու համար սուր անհրաժեշտություն է համահայկական ողջ ներուժի համախմբումը, մասնագիտական, քաղաքական, հասարակական տարբեր շրջանակների, բոլոր կարող ուժերի ներգրավումն այդ գործընթացում՝ մայր Հայաստանից, Արցախից և Սփյուռքից», - ասել է նախագահ Հարությունյանը:
Հանրապետության նախագահի խոսքով՝ ստեղծված իրավիճակում պետք է ապավինել սեփական ուժերին, ունակ լինել առաջ մղելու և պաշտպանելու պետական ու ազգային շահը՝ վստահ լինելով, որ շատ բան հենց մեզնից է կախված: Այդ համատեքստում նա ընդգծել է պետության արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը և կարևորել նախապատրաստվող բարեփոխումները բոլոր ոլորտներում: