18/11/2022 19:35
Մեր բարեկամ երկրների բիզնեսը ռուսական շուկայում կարող է զբաղեցնել արևմտյան ընկերությունների տեղը․ Լավրով
Ռուսաստանի բարեկամ երկրներից շատերը գիտակցում են, որ իրենց տնտեսական օպերատորները կարող են արևմտյան ընկերությունների տեղն զբաղեցնել ռուսական շուկայում, ուստի կարևոր է զարգացնել կապերն այդ երկրների հետ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մեծ նշանակություն է ձեռք բերում միջտարածաշրջանային կապերի ընդլայնումը ոչ միայն մեր հարևանությամբ գտնվող բարեկամ երկրների, այլև աշխարհի այլ տարածաշրջանների երկրների հետ։ Շատերն են այսօր հասկանում, որ Ռուսաստանից մի շարք արևտյան ընկերություններ են հեռացել, որոնց արգելել են գործել մեր շուկայում, իսկ նրանց հեռանալուց հետո խոստումնալից ու հեռանկարային տեղեր են բացվել, որոնք կարող են լրացնել այլ երկրների տնտեսական օպերատորները»,- Լավրովի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։
ՌԴ ԱԳ նախարարը նշել է նաև, որ այժմ դինամիկ զարգանում են Չինաստանի հետ միջտարածաշրջանային կապերը, համագործակցությունը Հնդկաստանի հետ, ակտիվացել են շփումները Թուրքիայի հետ, որպես առաջնահերթություն է դիտարկվում Իրանի հետ համագործակցության ընդլայնումը, զարգանում է նաև փոխգործակցությունը կասպյան տարածաշրջանի երկրների, Սիրիայի հետ, ամրապնդվում են գործարար կապերը Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, գործարար և հոււմանիտար կապերի ակտիվացման միտում կա Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Օմանի հետ։