18/11/2022 16:51
Մենք պետք է բաց խոսենք այն մասին, թե որտեղ ենք գտնվում և ինչ ուղղությամբ պետք է շարժվենք․ Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ Ստեփանակերտում այսօր մեկնարկել է մասնագիտական զարգացման երկօրյա ծրագիր՝ Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմինների բարձր օղակի ղեկավարների համար:
Մասնակիցները հնարավորություն կունենան լսելու հանրային կառավարման ոլորտում միջազգային և տեղական լավագույն մասնագետներին, քննարկումներ ծավալելու արդյունավետ կառավարման խնդիրների շուրջ: Ծրագիրն իրականացվում է «Մատենա» միջազգային դպրոցի կողմից:
«Մենք համադրում ենք համաշխարհային լավագույն փորձն ու տեղական առանձնահատկությունները։ Սա հնարավորություն է տալիս լինել չկտրված, բայց միաժամանակ, օգտագործելով արդեն հաջողությամբ կիրառված եղանակները, ավելի արդյունավետ մեխանիզմներ գտնել բարդ խնդիրների լուծման համար: Այս ծրագրի հիմքում ևս նույն մոտեցումն է» - նշել է «Մատենա»-ի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը:
Հանդես գալով ողջույնի խոսքով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կարևորել է մասնագիտական նման ծրագրի անցկացումը:
«Ներքին կյանքի և ռեսուրսների կառավարման բարձր արդյունավետությունը մեծապես բարձրացնում է ցանկացած պետության ու ժողովրդի ռազմավարական դիմադրողականության մակարդակը: Դրա միջոցով հնարավոր է դառնում նվազագույնի հասցնել արտաքին սպառնալիքների ազդեցությունը և առավելագույնի հասցնել միջավայրային հնարավորություններից օգտվելու հավանականությունը։
Ուստի այս տևական ճգնաժամային ու անորոշ պայմաններում մեր գլխավոր անելիքը պետք է լինի մեր կյանքի բոլոր ոլորտներում կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերի միջոցով բարձրացնել պետության բոլոր համակարգերի կառավարման արդյունավետության մակարդակը» , -ասել է Արայիկ Հարությունյանը:
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, ողջունելով մասնակիցներին, նշել է, որ նման ծրագրերը շարունակվելու են, հաշվի են առնվելու նաև մասնակիցների առաջարկները, որպեսզի դրանք իսկապես օգտակար ու արդյունավետ լինեն նրանց համար:
«Կարծում եմ, սա նաև փորձի ու գիտելիքների փոխանակման լավ հնարավորություն է», - նշել է նա:
Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել ելույթով՝ «Համայն հայության ռեսուրսների կոնսոլիդացումը՝ որպես Արցախի զարգացման շարժիչ ուժ» թեմայով՝ ներկայացնելով Արցախի զարգացման վերաբերյալ իր պատկերացումներն ու գաղափարները:
«Մենք պետք է բաց խոսենք այն մասին, թե որտեղ ենք գտնվում և ինչ ուղղությամբ պետք է շարժվենք։ Խնդիրների մասին խոսելը քննադատություն չէ, այլ դրանք ճիշտ ախտորոշելու և լուծումներ գտնելու ուղղությամբ առաջ շարժվելու ցանկություն։ Ֆինանսական, քաղաքական, կառավարման ոլորտներում առկա խնդիրները մեզ պարզապես թույլ չեն տալիս շարունակել նախկինի պես, դրանք մեզնից ուրիշ՝ ավելի արդյունավետ մոտեցումներ են պահանջում։ Մենք դա պետք է կարողանանք անել, քանի որ ունենք մեկ ճանապարհ՝ մնալ, ապրել, արարել Արցախում և հավատալ մեր հաջողությանը»,- ասել է պետնախարարը։
Ռուբեն Վարդանյանը պատասխանել է նաև ծրագրի մասնակիցների հարցերին:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17