18/11/2022 12:18
ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ երկկողմ արդյունավետ համագործակցությունը. Նախարար
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեպան Անն Լույոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) կենտրոնակայանի Արեւելյան Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի վարչության տնօրեն Սիրիլ Բելիեն եւ ԶՖԳ այլ ներկայացուցիչներ:
Նախարար Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ երկկողմ արդյունավետ համագործակցությունն ու երկարամյա գործընկերությունը՝ հանձնառու լինելով ամրապնդելու եւ խորացնելու հետագա հարաբերությունները՝ փոխշահավետ եւ կառուցողական փոխգործակցության միջոցով:
ԶՖԳ ներկայացուցիչներն իրենց հերթին նշել են, որ Գործակալությունը մշտապես պատրաստ է աջակցել Հայաստանի Հանրապետությանը եւ կատարելագործել արդեն իսկ հաստատված երկխոսության որակը՝ ստեղծելով նախապայմաններ երկարաժամկետ արդյունավետ համագործակցության համար: