18/11/2022 10:04
«Հրապարակ». Ատեստավորման գաղափարը բարձրաստիճան զինվորականներին դուր չի եկել
«Հրապարակ» թերթը գրում է. «Բանակում դժգոհ են առաջիկա ատեստավորման հեռանկարից, ասում են՝ քչերն են կարողանալու հաղթահարել։ ՊՆ մեր աղբյուրն ասում է, որ հայտնի են ատեստավորման ուղղությունները, դրանք են «Կրակային պատրաստություն»՝ պարտադիր, «Ֆիզիկական պատրաստություն»՝ պարտադիր, և 50-60 հարցանոց հարցաշար` ըստ ոլորտի: Օրինակ, ֆինանսական վարչություններում հարցեր՝ ֆինանսների գծով, կապի վարչությունում՝ կապի և տեխնոլոգիաների մասին։ Բայց ՊՆ ֆինանսիստները պետք է հանձնեն նաև «Կրակային պատրաստություն», «Ֆիզիկական պատրաստություն» և եթե չհաղթահարեն առաջին փուլը, ատեստավորման ևս 2 հնարավորություն կստանան՝ չհաղթահարելու դեպքում դուրս կմնան համակարգից:
Մեր աղբյուրի պնդմամբ` բարդ է լինելու նաև հմուտ, գործի գիտակ զինվորականների համար, ովքեր հրաշալի տիրապետում են զինվորական գործին, լավ հրամանատար կամ սպա են, սակայն հնարավոր է տեսական բնույթի հարցերին չկարողանան պատասխանել և դուրս մնան համակարգից: Ատեստավորման գաղափարը բարձրաստիճան զինվորականներին դուր չի եկել: Նրանցից շատերը դժգոհում են, թե ինչպե՞ս է ստացվում, որ ոստիկանությունում կամ ԱԱԾ-ում, առանց որևէ ատեստավորման, ահռելի աշխատավարձեր են ստանում, սակայն բանակը, որ պետք է լիներ այսօր ամենակարևոր ինստիտուտը, անտեսվում է: Ատեստավորման նախագիծը կհաստատվի դեկտեմբերի վերջին»։