19/11/2022 09:45
«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանն իշխող քաղաքական թիմի ներսում «սև ագռավի» է վերածվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն իշխող քաղաքական թիմի ներսում «սև ագռավի» է վերածվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առողջապահության նախկին նախարարը վաղո՜ւց չի շփվում թիմակիցների հետ ու, ասես, մերժված լինի բոլորի կողմից:
«Նա այժմ ընդգծված մտերիմ է Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի հետ: Ու դա պատահական չէ: Իսկ Տիգրանյանն իր հերթին Հակակառուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի ու վերջինիս եղբոր՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատրյանի հետ է մտերիմ:
Հաշվի առնելով մտերմությունների այս շղթան ու միմյանց փոխկապակցված լինելու հանգամանքը՝ չի բացառվում՝ Հակակոռուպցիոն կոմիտեն Թորոսյանի ձկնաբուծարաններ ունենալու թեման այդքան էլ խոր չքննի», - «Ժողովուրդ» օրաթերթին հուշեց իշխանամերձ աղբյուրներից մեկը:
Նկատենք, որ Թորոսյանի ու ՔՊ-ականների հարաբերությունները էլ ավելի են լարվել կուսակցության՝ ավելի քան մեկ ամիս առաջ տեղի ունեցած վարչության նիստից ու արձանագրված խայտառակ ընտրակեղծիքներից հետո:
Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականերին դուր չի եկել, որ Թորոսյանը հասկացել ու հանձն է առել մինչև վերջ բացահայտելու ընտրությունների հետ կապված խառնաշփոթը: Եվ այժմ հետաքրքիր է, թե սեփական թիմակիցների հետ ունեցած առճակատումը հօգուտ ո՞ւմ է ավարտվելու»։