19/11/2022 16:16
«Միջազգային աղմուկ եմ բարձրացնելու»․ Նարեկ Մալյանը հայտարարել է՝ պետության պատվերով իր հեռախոսը գաղտնալսվում է
«Հարգելի բոլոր դաշտերի, բոլոր ճամբարների, բոլոր նախասիրությունների ընդդիմադիրներ, հասարակական գործիչներ: Չափազանց հետաքրքիր բաներ եմ պարզել դավաճան իշխանությունների կողմից ընդդիմադիրներին գաղտնալսելու պետական ծրագրի վերաբերյալ»,- սոցցանցի իր էջում գրել է «Վետօ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը։
«Արդեն գաղտնիք չէ, որ հայկական «դԸմոքրԸսի» գոռացող իշխանությունները գաղտնալսել և կարծում եմ գաղտնալսում են ընդդիմադիրների հեռախոսները:
Հիմա՝ մի փոքր կոնկրետիկա.
Փաստերը, որոնք ամբողջացնելուց հետո անպայման կհրապարակեմ, ցույց են տալիս, որ կոնկրետ իմ հեռախոսը գաղտնալսման թիրախ է դարձել 2021 թվականի փետրվարից (ևս մեկ փորձ է եղել 2021 թվականի ապրիլին և այլն):
Այս ամենի «կայֆը» կայանում է նրանում, որ իսրայելական «Պեգասուս» ծրագիրը, որի միջոցով «դԸմոքրԸսի» Հայաստանում իրականացնում են ընդդիմադիր գործիչների գաղտնալսումները, տրվում է բացառապես պետություններին: Այսինքն որևէ անհատ, կամ կազմակերպություն չի կարող այդ ծրագրին «դոստուպ» ունենալ: Կրկնում եմ՝ ծրագրի բաժանորդ կարող են լինել միայն և միայն պետությունները՝ համապատասխան թղթաբանություններից հետո: Սա նշանակում է, որ «դԸմոքրԸսի» Հայաստանը պետության անունից հայտ է ներկայացրել՝ «Պեգասուսը» ձեռք բերելու համար: Ասեմ ավելին, ընդդիմադիրների հեռախոսահամարները, որոնց գաղտնալսումը պետք է իրականացնեն իսրայելի մասնագետները, ևս տրամադրվում է բացառապես ծրագիրը ձեռք բերած պետության կողմից:
Սա իր հերթին իշխանության համար շատ վատ բաներ է նշանակում...
Պետության բաժանորդագրման կանխավճարը այս ծրագրի համար կազմում է 7 միլիոն դոլար: Յուրաքանչյուր հեռախոսի գաղտնալսելու հայտը հասնում է մինչև 60 000 դոլարի:
Իսկ հիմա վատ նորությունը իշխանությունների համար:
Ես չգիտեմ՝ այդ համատարած դեմոկրատական գաղտնալսումները ինչ - որ օգուտ տվել են թե չէ, սակայն ձեր դիլետանտության շնորհիվ մեծ օգուտ են տվել ընդդիմությանը:
Արդեն դիմել եմ այս հարցով զբաղվող միջազգային հեղինակավոր կազմակերպությանը, որտեղից հաստատել են վերը նկարագրվածը, և տվյալների վերջնական ամփոփումից հետո կներկայացնեմ անհերքելի ապացույցներ առ այն, որ պետության պատվերով իմ՝ որպես այլախոհի հեռախոսը վերցվել է գաղտնալսման տակ:
Այս թեմայով միջազգային աղմուկ եմ բարձրացնելու և նամակների տարափ է լինելու, այս իշխանություններին հովանավորող բոլոր երկրների դեսպանատներին և միջազգային ԶԼՄ-ներին: Շատ հետաքրքիր կլինի լսել հատկապես ԱՄՆ դեսպանատան և պետդեպարտամենտի կարծիքը հայկական «դԸմոքրԸսիի» վերաբերյալ:
Վերջում, քանի որ տեղյակ եմ, որ գաղտնալսվող ընդդիմադիրների և լրագրողների քանակը բավական մեծ է, հորդորում եմ բոլոր գաղտնալսվածներին հանդես գալ հրապարակային հայտարարություններով, հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, որ վախեցել եք:
Հա, քանի չեմ մոռացել՝ սորոսականներին իշխանությունները հրահանգել են հանկարծ այս թեմայով չհաչալ:
Հարգանքներով՝ միշտ Ձեր, գաղտնալսված Մալյան
Հ.Գ. Այս իշխանությունը մտավ պատմության մեջ որպես ընդդիմադիրներին, այլախոհներին, լրագրողներին տոտալ գաղտնասող»,- գրել է Նարեկ Մալյանը։