19/11/2022 20:21
Արցախի թեմի հոգևորականներն ուսանողներին պատգամել են միտքը զարգացնելուն զուգահեռ՝ զորանալ նաև հոգևոր առումով
Ս.թ. նոյեմբերի 18-ին Արցախի մայր բուհում տեղի է ունեցել ուսանողության միջազգային օրվա առթիվ հերթական միջոցառումը, որի ծրագրում իր ուրույն տեղն է գրավել հոգևոր բաժինը:
Ինչպես հայտնում է Հայ Առաքելական Սուբ Եկեղեցու Արցախի թեմը, ուսանողների տոնը շնորհավորելու են գնացել արժանապատիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանը, Արցախի թեմի ՔԴՔԿ փոխտնօրեն Արթուր կիսասարկավագ Աբրահամյանը և Արցախի թեմի քարտուղար Դավիթ ուրարակիր Փաշայանը:
Հանդիպումն սկսվել է երիտասարդների օրհնության կարգով: Թեմի հոգևորականները ուսանողներին շնորհավորել են օրվա կապակցությամբ և, կարևորելով Եկեղեցի-ուսանող կապը, պատգամել են ուսանողությանը իրենց կյանքից ներս մտքի զարգացմանը զուգահեռ զորանալ նաև հոգևոր առումով:
«Մեր երիտասարդ ուսանողները հանդիսանալով ազգային գաղափարախոսության հոգեկիր առաջամարտիկները և ազգայինի պահպանման ու զորացման ժառանգորդները՝ պետք է մշտապես առողջ լինեն մտքով, մարմնով և առավելաբար հոգով, քանզի «Հոգին է կենդանարար. Մարմինը ոչ մի բան չի կարող անել» (Հովհ. 6:64):
Հենց այս մտածումներով հոգևորականները հորդորել են ուսանողներին առավել ուշադրություն դարձնել հոգևոր արժեքներին, ընդգրկվել եկեղեցական կյանքին, մասնավորապես անդամագրվել թեմական երիտասարսարդաց միություններին և մասնակցել հայրենիքի համար կատարվող ամենօրյա միասնական աղոթքներին: